Նորություններ

Արթուր Աջամյանի վարտիքի դարձերեսին հայտնաբերվել է սերմնահեղուկ, որը, ըստ փորձագետի, կարող էր պատկանել ինչպես Արթուր Աջամյանին, այնպես էլ նույն արյան խումբն ունեցող որևէ անձի կամ անձանց. Հ.Սարգսյան

ԳԱԼԱ-ն զրուցել է զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ պաշտպան Հայարփի Սարգսյանի հետ։

«Արդեն պատրաստ է դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը՝ Արթուր Աջամյանի և վիրավոր զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի հագուստների փորձաքննության։

Պարզվել է, որ հագուստների վրա առկա են արյան, քրտինքի և այլ հետքեր, միևնույն ժամանակ Արթուր Աջամյանի հագուստների վրա չեն հայտնաբերվել Դավիթ Մելիքբեկյանի արյան կամ քրտինքի, իսկ Դավիթ Մելիքբեկյանի հագուստների վրա՝ Արթուր Աջամյանի արյան կամ քրտինքի հետքեր, սա ևս մեկ կարևորագույն ապացույց է առ այն, որ Արթուրը և Դավիթը միմյանց չեն վնասել»,- այս մասին հայտարարեց Արթուր Աջամյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը։

Նրա խոսքերով՝առաջիկայում մի շարք գործողություններ են նախատեսված, այս պահին մի շարք քննիչներ մեկուսացված են, հնարավոր չէ  իրականացնել այդ գործողությունները։

«Հատկանշականն այն է, որ Արթուր Աջամյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նրա մարմնից վերցված տամպոններում և քսուկներում սերմնաէակներ չեն հայտնաբերվել։ Մինչդեռ Արթուր Աջամյանի վարտիքի դարձերեսին հայտնաբերվել է սերմնահեղուկ, որը, ըստ փորձագետի, կարող էր պատկանել ինչպես Արթուր Աջամյանին, այնպես էլ նույն արյան խումբն ունեցող որևէ անձի կամ անձանց»,- եզրափակեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ և կառավարության շենքերի դիմաց, այնուհետ հանդիպել էին վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  խոստացել էր, որ իրականացվելու է օբյեկտիվ քննություն:

Back to top button
Close