Նորություններ

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Ձեր ղեկավարությամբ Հայաստանը հաջող իրականացնում է սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ, որոնք լիովին նպաստում են կայուն աճի ապահովմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը:

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության լավ ավանդույթների վրա:

Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Ղազախստանի և Հայաստանի միջև համապարփակ համագործակցությունը կշարունակի դինամիկ զարգանալ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Հարգելի Նիկոլ Վովայի,

այս նշանակալի օրը անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

 

Back to top button
Close