Նորություններ

Պետությունը շարունակելու եւ ընդլայնելու է կրթական, առողջապահական եւ սոցիալական ծրագրերը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հղում եմ ջերմագին շնորհավորանքներս բոլորին՝ անկախ տարիքից: Բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա կառուցելու պետական քաղաքականության եւ յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքն առաջին հերթին մեր երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր ու պայծառ դարձնելն է, նրանց իրավունքների պատշաճ երաշխավորման պայմաններում առողջ, զարգացած ու ստեղծարար սերունդ դաստիարակելն է:

Պետությունը վստահաբար շարունակելու եւ ընդլայնելու է կրթական, առողջապահական եւ սոցիալական բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերելու առողջ ու զարգացած սերունդ ունենալու եւ այն ազգային արժեհամակարգով դաստիարակելու գործին: Մեր երեխաների անվտանգ ու երջանիկ մանկության իրավունքի իրացումը պետության առաջնահերթ պարտականությունների թվում է, եւ իշխանությունների կողմից արվելու է առավելագույնն այն հավուր պատշաճի իրականացնելու համար:

Սիրելի՛ երեխաներ

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք եւ կրթական ու ստեղծագործական շարունակական հաջողություններ:

Բարին ընդ ձեզ:

Back to top button
Close