ՆորություններՔո ձայնը

Ադրբեջանը բարձրաձայն և ի լուր ամբողջ աշխարհի հատում է թույլատրելիի բոլոր սահմանները. մղձավանջին պետք է վերջ տրվի

Վերլուծաբան Կարեն Բեքարյան սոցցանցի իր էջում գրել է.

«Ու՞մ և էլ ինչպե՞ս բացատրենք, որ պետական ինստիտուտների աշխատանքը, անհրաժեշտ պահին՝ անհրաժեշտ գործողությունների իրականացումը, չի կարող և չպետք է պայմանավորված լինի, օրինակ՝
— գերատեսչության ղեկավարի լինել-չլինելով,
— ոչ աշխատանքային օրերով կամ ժամերով,
— պարգևավճարների հերթական կամ արտահերթ չափաբաժնի «ուշացմամբ»,
— սեփական գործառույթների անխափան իրագործման փոխարեն՝ տարաբնույթ կերպարների սխալների սրբագրմամբ կամ դեմք պահելու- դեմք փրկելու ուշացած և տարերային «օպերացիաների» անպտուղ իմիտացիայով…

Ադրբեջանը հետևողականորեն լկտիանում է: Նման կեցվածքն ու պահվածքը լեզվակռիվ չեն, ուղղակի հոխորտանք չեն: Ադրբեջանը փորձարկում է Հայաստանի և միջազգային հանրության արձագանքը և այդ արձագանքի օպերատիվությունը:

Սա է՞լ բացատրելու կարիք կա: Բացատրելու կարիք կա նաև, թե Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման «փորձարկումը»:

Կրկնենք՝ հարցը ոչ միայն արձագանքն է, այլ նաև՝ նրա օպերատիվությունը: Հարցը ոչ միայն երկրի արձագանքն է (ի դեմս՝ ԱԳՆ-ի), այլ նաև երկրի կարողությունը՝ արագ և որակով հարցի շուրջ հրավիրելու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը և նրանցից ապահովելու ժամ առաջ տրվող համարժեք արձագանք: Հարցը ոչ միայն որևէ մեկին կամ մի քանիսին զանգել- չզանգելու, կապվել- չկապվելու, կամ՝ երբ կապվելու մեջ է, այլ առաջին հերթին՝ արդյունքների: Իսկ արդյունքները (այս դեպքում՝ առնվազն կոշտ ու կանխարգելիչ արձագանքները) պետք է հանրայնացված լինեն, քանի որ Ադրբեջանը բարձրաձայն և ի լուր ամբողջ աշխարհի հատում է թույլատրելիի բոլոր սահմանները:

Այս անգործությունն անտանելի է արդեն:
Ստիպված եմ նորից փաստել, մեր երկիրը չունի այսօր արտաքին քաղաքականության պատասխանատուներ, պաշտոնները՝ կան, մարդկանց անուններ՝ կարծես դեռ կան, պատասխանատուներ՝ չկան…

Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին: Կանգնի իրապես, ոչ թե անիմաստ դեմքերի անիմաստ ծղրտոցներով»:

 

Back to top button
Close