Նորություններ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է շինության պատին. վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ 30-ամյա Ալիկ Այվազյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close