Նորություններ

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումից. մինչև 10 հազար ԱՄՆ դոլարը հափշտակելը, տուժածին վրաերթի էին ենթարկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվալներն իրացնելիս, այնուհետև համագործակցելով ոստիկանության Մալաթիայի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են ենթադրյալ անձի ինքնությունը, ով կասկածվում է մայիսի 23-ին Երևանի բնակիչ, 47-ամյա Գարիկ Խաչատրյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու ու նրանից մոտ 10 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավազակային հարձակումը կատարել է Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Մ.-ն, և ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվել է նաև, որ հանցագործը Գ. Խաչատրյանին նախ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել, այնուհետև երկաթե ձողով հարվածել է, որից հետո վերցնելով գումարը՝ դիմել է փախուստի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 22-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և 132 շենքերի հատվածում վիրավոր քաղաքացի է ընկած։ Մինչ դեպքի վայր կժամաներ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, նշված քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խմբին տուժածը հայտնել էր, որ թիկունքի մասից գլխին հարված է ստացել, որից հետո իր մոտ եղած մոտ 10 հազար ԱՄՆ դոլարը հափշտակել են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close