ՄիջազգայինՆորություններ

Անկարգություններ Մինեապոլիսում. ցուցարարները հրդեհել են ոստիկանական բաժանմունքը, ոստիկաններին տարհանել են ուղղաթիռով

46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով Մինեապոլիսում շարունակվում են անկարգությունները: Նա մահացել էր երկուշաբթի օրը այն բանից հետո, երբ ոստիկանը կալանավորման ընթացքում խեղդող հնարք էր կիրառել:

Ցուցարարները շրջապատել են ոստիկանության բաժանմունքը, որտեղ աշխատում էին Ֆլոյդի ձերբակալության մեջ ներգրավված ոստիկանները: Բաժանմունքի աշխատակիցները բարձրացել են տանիք ու փորձել լուսաձայնային նռնակներով և արցունքաբեր գազով ցրել ամբոխին:

Երբ ոստիկաններին տարհանել են ուղղաթիռով, ցուցարարները ներխուժել են շենք և հրկիզել այն, հայտնում է Fox News- ը:

Մեկ օր առաջ ոստիկանության բաժանմունքի մոտ արդեն բախումներ էին տեղի ունեցել. ցուցարարները փորձել էին ներս մտնել, ոստիկանները կենդանի շղթայով փակել են մուտքը:

Առաջին բողոքի ցույցերը Մինեապոլիսում սկսվել են երեքշաբթի կեսօրին, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին այն վայրում, որտեղ մահացել էր Ֆլոյդը:

Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը քաղաքում 72 ժամով արտակարգ դրություն հայտարարեց, իսկ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը հրամանագիր է ստորագրել անվտանգության ապահովման գործընթացում Ազգային գվարդիայի ներգրավման մասին: Այս մասին նրան խնդրել են Մինեապոլիսին կից Սենտ Պոլ քաղաքի իշխանությունները, որտեղ նույնպես սկսվել են անկարգություններ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել, որ կարող է Ազգային գվարդիայի ծառայողներին ուղարկել Մինեապոլիս:

«Ես չեմ կարող հեռվից հետեւել, թե ինչ է կատարվում ամերիկյան հիասքանչ Մինեապոլիս քաղաքում: Կա ղեկավարության լիակատար բացակայություն: Կամ արմատական ​​ձախ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը կձեռնարկի գործողություններ և քաղաքը վերահսկողության տակ կվերցնի, կամ ես կուղարկեմ Ազգային գվարդիան և կանեմ ամեն ինչ այնպես, ինչպես պետք է, գրել է Թրամփը:

Ինչ է տեղի ունեցել Ջորջ Ֆլոյդի հետ

Մայիսի 25-ին Ֆլոյդի մեքենան կանգնեցվել էր ոստիկանության ծառայողների կողմից, որոնք ստուգում էին կեղծ թղթադրամների շրջանառման վերաբերյալ տեղեկությունները:

Ոստիկանների պնդմամբ՝ Ջորջ Ֆլոյդը դիմադրություն է ցույց տվել: «Սպաներին հաջողվել է ձեռնաշղթա հագցնել կասկածյալին, որից հետո նկատել են, որ նա վատ է զգում իրեն»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

фрагмент ролика

Համացանցում հրապարակված տեսանյութը սկսվում է արդեն այն պահից, երբ ոստիկանը խեղդող հնարք է կիրառում Ջորջի դեմ: Ականատեսներից մեկի կողմից արված տեսանյութում լսելի է, որ Ֆլոյդը պառկած է գետնին եւ գոռում է. «Ես շնչահեղձ եմ լինում, շնչահեղձ եմ լինում, մի՛ սպանեք ինձ»:

Անցորդները ոստիկանին հորդորում են դադարեցնել ուժի կիրառումը և ստուգել նրա զարկերակը: Որոշ ժամանակ անց Ֆլոյդը դադարում է շարժվել և շտապօգնությունը նրան տեղափոխում է: Ջորջին հիվանդանոց են հասցրել արդեն մահացած:

Միջադեպից հետո ոստիկանության չորս աշխատակից ազատվել է աշխատանքից:

 

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close