ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

«Օգնեք բժիշկներին՝ հասարակ դիմակ կրելով. բժիշկներն օրերով տուն չեն գնում, անիմա՞ստ ենք պայքարում»

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողները սթափության, զգոնության կոչ են անում քաղաքացիներին:

«Բժիշկներն օրերով տուն չեն գնում: Ինչի՞ համար տուն չեն գնում: Անիմա՞ստ ենք պայքարում մենք, մեր ընկերները: Շատերն իրոք հոգնել են: Շատ բժիշկներ ափսոս չեկան աշխատանքի, շատերը վախեցան՝ առողջական խնդիրների պատճառով, շատերը ընթացքում հիվանդացան և լքեցին մեր շարքերը, և այդ պրոցեսը դեռ շարունակվում է: Ու շարունակվում է նաև այն պրոցեսը, որ օրական հիվանդների թիվն ավելանում է ոչ թե արդեն 10, 20, 30-ով, այլ 100, 200, 600, 700… Եթե հիվանդները շատանում են, իսկ բժիշկների թիվը քչանում է, այդ հարցի լուծումը ո՞նց ենք տալու մենք»,- ասում է ԵՊԲՀ ռադիոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատոր Շանթ Ուռուտյանը:

Նրա կարծում է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի աճը պայմանավորված է նաև նրանով, որ ասիմպտոմ վարակակիրներին տուն ուղարկեցին՝ բուժումը տնային պայմաններում շարունակելու համար:

«Հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես անախտանիշ, այնպես էլ կլինիկական արտահայտված սիմպտոմատիկայով: Կլինիկական բնորոշ ախտանիշները թվարկվել են բազմիցս. ընդհանուր թուլություն, չոր հազ, ցավ կոկորդում, ջերմության բարձրացում, որոշ մարդկանց մոտ լինում է համի և հոտի կորուստ, որոշ մարդկանց մոտ, շատ հազվադեպ, նաև աղիքային սիմպտոմատիկա: Նման են սուր շնչառական հիվանդությունների կլինիկային: Սակայն այս դեպքում, հարկ է նշել, որ իմունադեֆիցիտով մարդկանց մոտ, տարեցների մոտ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ շատ հաճախ է հիվանդությունը զարգանում թոքաբորբով: Այս դեպքում արդեն ունենում ենք շնչառական անբավարարության նշաններ, հևոց, շնչարգելություն, ցավ կրծքավանդակում, և ընթանում է ծանր ընթացքով: Այս թոքաբորբը տարբերվում է իր կայծակնային արագ ընթացքով և բավականին դժվար է ենթարկվում թերապիայի»,- ասում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Հերմինե Հունանյանը:

«Լինում են այնպիսի պացիենտներ, որոնք կլինիկական նշաններ չեն ունենում: 85-90 տոկոս դեպքերում ջերմության բարձրացումը առաջին կլինիկական ախտանշանն է, և հնարավոր է պացիենտները այլ գանգատներ չունենան, մինչև հիվանդության, այսպես ասած, վերջնական փուլը: Բայց միևնույն ժամանակ կարող են լինել այլ սիմպտոմներ, օրինակ՝ ցավի առկայություն կրծոսկրի թիակային հատվածում, և շատերի մոտ ընթացել են աչքերի ախտահարումով՝ կոնյուկտիվիտների տեսքով: Դա նույնպես պետք է ի նկատի ունենալ: Հիվանդության կլինիկան շատ բազմազան է»,- ասում է Շանթ Ուռուտյանը:

Back to top button
Close