Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Covid-19-ի ճգնաժամը Եվրոպայի հանցավոր խմբավորումներին նոր հնարավորություններ է պարգեւել

«Քրեական Եվրոպան վաղուց գոյություն ունի, և Covid-19ն այսօր թեւավորում է նրան: Այնուամենայնիվ, ոստիկանության և դատական ​​մակարդակներում եվրոպական համագործակցությունը չի թուլացել: Ամեն շաբաթ պետությունների և եվրոպական հաստատությունների ներկայացուցիչները հանդիպում են Բրյուսելում՝ խոսելու ներքին անվտանգության և ներգաղթի մասին, համակարգում են գործողություններն ու վերլուծում իրավիճակը»,-գրում է Le Figaro-ն:

ԵՄ Ոստիկանական ծառայության Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին Դը Բոլեն ընդգծում է, որ ԵՄ-ի մասշտաբով «քրեական շրջանակները շատ արագ են արձագանքել՝ խաղալով պահանջարկի և առաջարկի վրա և շահագործելով, օրինակ, բժշկական դիմակների պակասի գլոբալ խնդիրը»:

«Եվրոպոլը, Գերմանիայի, Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների ոստիկանական ծառայությունների և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ բացահայտեց մի մեծ խաբեություն: Բեռլինը 1,5 միլիոն եվրոյի դիմաց գնել էր 1,5 միլիոն բժշկական դիմակ: Բայց դրա «մատակարարները» հաքերներն էին, ովքեր կլոնավորում էին արտադրողների կայքերը Իսպանիայում, Իռլանդիայում և Նիդեռլանդներում: Գումարը հայտնաբերվեց Նիգերիա ուղարկելուց առաջ, երկու մարդ ձերբակալվեց Նիդեռլանդներում: Ֆրանսիան եւս կապ էր հաստատել Եվրոպոլի հետ`«սառեցնելու» համար դիմակների և գելի կեղծ վաճառքից հետո Սինգապուր ուղարկված 6 միլիոն եվրոն»,-ասվում է հոդվածում:

«Կիբերհանցագործները նույնպես շատ գոհ են ճգնաժամից: Հանցավոր խմբավորումներն անգամ մասնագետներ են վարձել: Գործողությունների շրջանակն ընդարձակ է` ֆիշինգ, համակարգչային գրոհներ և շանտաժ, վնասակար ծրագրերի ներդրում»,-նշում է լրագրողը:

«Եվս մեկ արատ. մանկական պոռնոգրաֆիա ցանցում: Մի շարք պետություններ Եվրոպոլի ուշադրությունը հրավիրել են «թեժ գծերի» շեշտակի աճի և կարանտինի ընթացքում տեսանյութերի դիտումների ավելացման վրա (կայքերում 3 անգամ ավելի շատ մուտքեր Դանիայում եւ ներբեռնումների 25%-ոց աճ Իսպանիայում): Մանկահասակ երեխաների նկատմամբ ոտնձգություններ պատկերող տեսանյութերի մասին Ավստրալիայի նախազգուշացումից հետո եվրոպացի հետաքննիչները սկսեցին Բելգիայում և Ֆրանսիայում փնտրել տեսանյութեր՝ նկարահանված Իսպանիայում: Մեկ կասկածյալ ձերբակալվեց Բարսելոնայում»,-գրում է Le Figaro- ն:

«Մնում է պարզել, թե ինչպես է քրեական աշխարհը հարմարվում է նոր իրավիճակին»,-նշում է լրագրողը: Քեթրին Դը Բոլեն առանձնացնում է երեք փուլ. «Առաջին փուլը կապված էր կարանտինի հետ, երբ տեղի ունեցավ կիբերհանցագործությունների, կեղծիքների և խարդախությունների թվի աճ: Երկրորդ փուլը կապված է կարանտինային ռեժիմի չեղարկման հետ, երբ հանցագործները փորձում են օգտվել փողերի լվացման կամ ապօրինի ներգաղթի նոր հնարավորություններից: Վերջապես, երրորդ փուլում մենք ստիպված կլինենք պայքարել պետական ​​միջոցների յուրացման փորձերի դեմ, հետևաբար խիստ կարեւոր է տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի եվրոպական նոր կենտրոնի գործունեությունը»:

«Ըստ Քեթրին Դը Բոլեի, հանցավոր գործունեությունն ուղղված կլինի նաև առավել խոցելի խմբերին, որոնք շատ հաճախ հակված են անորակ կամ կեղծ ապրանքներ գնելուն, նաեւ այն երիտասարդներին, ովքեր հանցավոր խմբավորումների կամ արմատական ​​շարժումների կողմից հավաքագրման ռիսկի տակ են: Covid-19ի ճգնաժամի ազդեցությունը հանցագործության վրա կլինի երկարատև և կունենա համաեվրոպական բնույթ»,-եզրափակում է պարբերականը:

 

Աղբյուր՝ Le Figaro

Back to top button
Close