Նորություններ

Նախատեսվում է արդիականացնել Մեղրիի անցակետը, ինչպես նաև շահագործել ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գիծը

Իրանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի համար ունի բացառիկ նշանակություն: Երկու երկրները հատկապես փոխշահավետ համագործակցություն են ծավալում էներգետիկայի ոլորտում: ԵԱՏՄ-ի շրջանակում ևս համագործակցության մեծ հնարավորություններ կան:

Իրանի հետ առևտրային կապերը խորացնելու, ինչպես նաև Հայաստանի տարանցման հնարավորությունները մեծացնելու նպատակով ՀՀ կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում նշանակալի աշխատանքներ է կատարել:

Մասնավորապես, 2019 թ. վերանորոգվել են Իրանին և Վրաստանին կապող միջպետական ճանապարհները, ներկայումս այդ գործընթացը շարունակվում է: Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել Մեղրիի անցակետը, ինչպես նաև շահագործել էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, կավելանան Իրանից ներկրվող գազի ծավալները:

ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև իրականացվող խոշոր նախագծերից մեկին՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Կորոնավիրուսով պայմանավորված շուրջ երեք ամիս Իրանի մեր գործընկերները չէին կարողանում գալ Հայաստան, որը կապված էր ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հետ: Բայց ընկերության «պրոեկտ-մենեջերն» արդեն Հայաստանում է, հունիսի 1-ին Հայաստան կայցելի ևս 5 ինժեներ: Նախատեսվում է, որ երկու շաբաթվա ընթացքում ողջ թիմը՝ շուրջ 60 հոգի արդեն տեղում կլինի, և շինարարության աշխատանքները կվերսկսվեն: Հայաստանի կառավարության որոշմամբ նաև չեղարկվել են մեր գործընկերների վիզայի հետ կապված բոլոր վճարները»:

«Ծրագրով նախատեսվում է 2020 թ. վերջին աշխատանքներն ավարտել: Քանի որ վերջին ամիսներին շինարարությունը դադարեցվել էր, հնարավոր է՝ ժամկետների հետ կապված որոշ խնդիրներ առաջանան, սակայն լիահույս ենք, որ կկարողանանք սահմանված ժամկետներում ավարտել նախագծի շինարարությունը»,-հավելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Back to top button
Close