Նորություններ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 33-ամյա աշխատակիցը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաղսի գյուղ բնակիչ, 33-ամյա Գնել Կ.-ն էր, ով նույն օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Հրազդան–Չարենցավան «Պիկետ-4» տեղամասի 56-րդ կմ հատվածում երկաթգծի Քաղսի գյուղի տարածքով անցնող տեղամասում մոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է բետոնե էլեկտրասյան վրա, որի ընթացքում էլեկտրահարվել, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գնել Կ.-ն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես էլեկտրամանտյոր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SHAMSHYAN.com

Back to top button
Close