Նորություններ

Քաջարանը կարող է լինել կորոնավիրուսի բռնկման հաջորդ օջախը. Լ. Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը հանրապետությունում:

Լիանա Թորոսյանը նշեց, որ վարակի տարածման տեմպը բավական արագ է: Նրա խոսքով՝ կանխարգելման միջոցառումների առումով իրենք ընթանում են աշխարհում հիմնական ընդունված ուղեգծով. «Մենք բոլոր միջոցառումներում որպես հենք ընդունում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ տեղայնացնելով ու ադապտացնելով մեր իրավական-մշակութային դաշտին: Եվ դեպքերի ստանդարտ բնորոշումները, որ մենք այսօր անում ենք՝ նմուշառումների կամ կասկածելի դեպքերի հայտնաբերման, բավական ճկուն են և ավելի մեծ շրջանակ են ներառում՝ կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման համար»,- նշեց նա՝ դրանցում կարևորելով արագ արձագանքման կարողությունները, փորձը, ռիսկերի գնահատման համակարգը:

Հայաստանում այսօր առկա են լայն տարածվածության դեպքեր: «Փոքր ձնագնդիից ավելի ու ավելի մեծանալով՝ ունենում ենք տվյալ համայնքում, տարածքում, քաղաքում, հետո էլ տեսնում ենք վարակի տարածումը այլ քաղաքներում, մարզերում: Սա ազդակ է բոլորիս, որ կարողանանք այն կարգապահությունը, որ տրվում է կառավարության կողմից, Առողջապահության նախարարության կողմից, հավուր պատշաճի իրականացնենք»,- հայտարարեց Թորոսյանը:

Անդրադառնալով Քաջարանի հարցին՝ Թորոսյանն ասաց, որ Քաջարանում բռնկումը չի բացառվում, քանի որ շատերը բողոքի ակցիային մասնակցում էին առանց դիմակների և առանց սոցիալական հեռավորություն պահելու:

Նա ընդգծեց, որ կանխարգելման միջոցառումներ իրականացվել են բոլոր մարզերում։

Հիշեցնենք, որ երեկ Կապանում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում էին Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։

Back to top button