Նորություններ

Միքայել Մինասյանի հայտարարություններին իշխանության կողմից տրվել է պատասխան

Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, սոցցանցի իր էջում պարբերաբար հայտարարություններով է ներկայանում, որոնց հիմնական առանցքը գործող իշխանության  հասցեին հնչեցված մեղադրանքներն են։

Միքայել Մինասյանը սկզբում հայտարարեց, որ  Նիկոլ Փաշինյանը իր մոտ սուրհանդակ է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ առաջարկելով, որ եթե Մինասյանը որոշակի գումար մուծի և քաղաքականությամբ չզբաղվի, ապա նրա դեմ հարուցված քրեական գործերը կփակեն։ Ըստ Մինասյանի՝ ինքը մերժել է այդ գործարքը։

Հայտարարության հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց։ Մյուս տեսանյութերում արդեն մեղադրանքները հասցեական էին։  Նրա խոսքերով՝ վարչապետի  ազգականները՝ վարչապետի եղբորորդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանը, և կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, մաքսանենգ ճանապարհով փորձել են Հայաստանից Ռուսաստան արտահանել հայկական ծխախոտ։ Հովանավորչության մեջ մեղադրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին։

Առ այսօր իշխանությունն այս հայտարարություններին մեկնաբանություն չի տվել։ Ինչո՞ւ իշխանությունը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում նախկին դեսպանի մեղադրանքները։ Այս հարցերի պատասխանն իմանալու համար ԳԱԼԱ-ն զրուցել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։

«Ձեր մատնանշած անձի հայտարարություններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր վերջին ասուլիսում: Բացի այդ, նշված անձի, ինչպես նաև որոշ անձանց հայտարարությունները հիմք են հանդիսացել, որպեսզի ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դիմի դատարան` իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող և զրպարտող հայտարարությունների համար»,- հայտնեց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ ասաց․

«Ինչ վերաբերում է կնոջս եղբոր հետ կապված դրվագին, ես տեղյակ եմ, որ այդտեղ նույնպես դատական հայց է հարուցված. Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք և անհրաժեշտություն կունենամ, դատական պրոցեսի ընթացքում բոլորդ հրապարակայնորեն հնարավորություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ և ինչն է սխալ: Այստեղ կա մի նրբություն, որ ես ուզում եմ նշել, այդ ծխախոտի արտահանման պարագայում, որն արդեն այս անձնական հարթությունից դուրս, Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել և ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ իրավիճակ ոչ մեկի համար չեն ստեղծել: Արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր, և դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել, և դա արդեն կարծում եմ՝ այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն»,- ընդգծել է վարչապետը։

Back to top button
Close