Նորություններ

Հերթական կրակոցները Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում

Երեկ՝ մայիսի 24-ին, հերթական կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծ 77 շենքի մոտակայքում մի քանի կրակոց է հնչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները բակում հայտնաբերել են կրակված գնդակ, իսկ ահա Տիգրան Մեծ 77 շենքի 2-րդ հարկի պատը՝ վնասված:

Հժ-ի թղթակիցը հայտնում է, որ գնդակը դրսից խոցել է 2-րդ հարկի տան պատն ու հայտնվել տան մեջ՝ խոհանոցում: Նույն պատի վրա հայտնաբերվել է նաեւ կրակված մեկ հետք եւս, որը վնասել է տան պատը: Բակում հայտնաբերվել է նաեւ պարկուճ:

Մեր տեղեկություններով՝ շենքի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցները, ինչի հետեւանքով արձակված գնդակները դիպել են շենքի ու բնակչի տան պատին:

Ողջ գիշեր դեպքի վայրում տեղազննություն են կատարել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներն ու փորձաքրեագետները՝ ղեկավար կազմի գլխավորությամբ: Այս պահին հայտնի տվյալներով՝ տուժածներ չկան: Վանաձորի բժշկական կենտրոնից մեր թղթակցին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ որեւէ քաղաքացի չի դիմել:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

armtimes.com

Back to top button
Close