Նորություններ

Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված 101 աշխատակից վերականգնվել է աշխատանքի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սույն թվականի հունվարի 11-ին Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված 101 աշխատակից երեկ և այսօր վերականգնվել է աշխատանքի։ Աշխատանքային պայմանագրերն արդեն ստորագրված են։ Անվտանգության աշխատակիցների հետ միասին աշխատակիցների ընդհանուր թիվը կկազմի 183: Քանի որ նախորդ տարի և այս տարեսկզբին կրճատումները մի քանի փուլով են եղել, կրկնում եմ՝ խոսքը հունվարի 11-ին կրճատված աշխատակիցների մասին է։

Աշխատանքային պայմանագրերի առկայության պայմաններում աշխատակիցներն առայժմ չեն հաճախի աշխատանքի, բայց կստանան աշխատավարձ։ Այս քայլով ձեռնարկության ղեկավարությունն ընդառաջ է գնացել՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական դրությունը։ Սա հնարավորություն կտա ոչ հապճեպ պայմաններում շարունակել քննարկումները, աշխատանքներն արտադրական բլոկների վերագործարկման մասով, որի պարագայում նախկինում կրճատված աշխատակիցների աշխատանքի վերականգնման գործընթացի երկրորդ փուլը կմեկնարկի։

Ցանկանում եմ ընդգծել՝ այս պահին քննարկման առարկա են միայն արտադրական այն բլոկները, որոնց աշխատանքն արտանետումներ չի ենթադրում։ Եթե հիմնարկի գոյության պահպանության նպատակով գործարկվեն արտանետումներ ենթադրող բլոկներ, դա լինելու է միմիայն կառավարության կողմից սահմանված արտանետումների թույլատրելի սահմանաչափի շրջանակներում։

Նախկինում արտանետումները թույլատրելի սահմանաչափը գերազանցել են ավելի քան 6 անգամ՝ շուրջ 630 տոկոսով։ Հեղափոխությունից հետո այդ անվերահսկելի, անթույլատրելի վիճակն այլևս անցյալում է։ Հրապարակային ասել եմ և կրկնում եմ՝ անելու ենք հնարավորը, որպեսզի Ալավերդում արտանետումների այդ աղետալի էջը մնա անցյալում։

Հ․Գ․ Հանդիպման բոլոր մասնակիցներին տրամադրվել են դիմակներ, պահպանվել է սոցիալական հեռավորություն»։

Back to top button
Close