Նորություններ

Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ՝ մահափորձի բեմադրություն՝ հենց Խաչատրյանի կողմից. փաստաբանը պնդում է՝ կան նոր ապացույցներ. pastinfo.am

«Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թ տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ստացված համալիր փորձաքննության եզրակացությունը փաստում է պաշտպանական կողմի ենթադրությունը, որ տեղի է ունեցել հանցագործության  նմանակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ մահափորձի ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2015թ մայիսի 20-ին՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին։ Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, սակայն մեքենայում գտնվող երեք անձինք, նրանց թվում՝  Սուրիկ Խաչատրյանը, չեն տուժել։ Այդ ժամանակ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ՝ մահափորձի բեմադրություն՝ հենց Խաչատրյանի կողմից։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հենրիկ Ավագյանին՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, իսկ  Գարեն Աթաջանյանին՝ օժանդակության համար։

Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում քննիչի կողմից նշանակվել էր փորձաքննություն՝ դատաձգաբանական, դատաբժշկական, դատահետքաբանական և ստացված եզրակացությունը բավականաչափ պարզ և ամբողջական չէր, ուստի պաշտպանական կողմը  մոտ 30 հարցից միջնորդություն էր ներկայացրել՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։

«Միջնորդությունը բավարարվել էր, նշանակվել էր փորձաքննությունը, սակայն ստացված եզրակացությունը նախկինի կրկնօրինակն էր։ Այսինքն՝ մեր հարցերին որևէ պատասխան չէր տրվել։ Դատաքննության ընթացքում մենք նորից միջնորդեցինք, որպեսզի փորձաքննություն նշանակվի, դատարանը բավարարեց և ապրիլի 20-ին ստացանք եզրակացությունը»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ եղել են հակասություններ, մասնավորապես՝ նախկին եզրակացություններով պարզ էր դառնում, որ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել էին ավտոմեքենայի երկայնական առանցքի ձախ կողմից, այսինքն՝ անտառապատ հատվածից և կրակողը հաստաբուն ծառի շրջակայքում՝ ստատիկ դիրքում  կրակոցներ էր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, մինչդեռ՝ նոր եզրակացությամբ պարզ է դարձել, որ կրակոց է արձակվել նաև աջ կողմից և վնասել ավտոմեքենան։

«Այսինքն՝ այն ամբողջ ապացույցները, որոնց վրա հենվում էր վարույթն իրականացնող  մարմինը մինչ այս, փլուզվեցին, քանի որ ունեցանք նոր հանգամանք, որ մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել նաև աջ կողմից։ Վարույթն իրականացնող մարմնի հավաքած ապացույցները բացառապես փաստում են, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը կազմակերպել են երկու անձ՝ Հենրի Ավագյանը և իմ պաշտպանյալը՝ Գարեն Աթաջանյանը, այսինքն՝ երրորդ անձի մասին տվյալներ չկային։ Այս պահին ունեցած տվյալների համաձայն՝ այս երրորդ անձը որևէ կապ չի ունեցել ոչ Հենրի Ավագյանի հետ, ոչ Գարեն Աթաջանյանի հետ, որևէ այդպիսի տվյալ քրեական գործի նյութերում չկա և դա ևս մեկ անգամ փաստում է մեր այն ենթադրությունը, որ տեղի է ունեցել հանցագործության նմանակում և աջ կողմից կրակող անձն ինչ որ առումով կապ է ունեցել տուժողների հետ և այդ ամենը նախապատրաստված է եղել մահափորձի տպավորություն թողնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով դատաբժշկական փորձաքննությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ նախկինում դատաբժշկական փորձաքննություններով կատեգորիկ եզրակացություններ են ստացվել։

«Սուրիկ Խաչատրյանը և իրեն ուղեկցող երկու անձինք գտնվել են ավտոմեքենայի մեջ։ Դա ի սկզբանե կասկածներ էր առաջացնում ոչ միայն պաշտպանական կողմի մոտ, այլև՝ անկողմնակալ դիտորդի մոտ, քանի որ ավտոմեքենայի վրա արձակվել էին 18 դիմահար կրակոց՝ ավտոմեքենայի դիմապակուն և դրանցից որևէ մեկը նրանց չէր վնասել, սակայն, այդուհանդերձ, եզրակացություններով նշված էր, որ նրանք գտնվել են ավտոմեքենայում։ Նոր փորձաքննության եզրակացությամբ՝ փորձագետն արդեն նշել էր, որ նրանք ամենայն հավանականությամբ գտնվել էին ավտոմեքենայում, այսինքն՝ կատեգորիկ հետևության չէր հանգել»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ միջնորդել են հաջորդ դատական նիստին հրավիրել  փորձագետներին  հարցաքննության։ Նրանք կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին։

Բացի այդ՝ Հովհաննիսյանը նշեց, որ դեպքի կատարման ժամանակ տուժողները կրակող անձին չեն տեսել և բավականին երկար  ժամանակ կրակոց արձակած անձը մնացել էր չբացահայտված և այդ անձանց ենթադրյալ բացահայտումից երկու օր առաջ ԱԱԾ-ն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է կասկածվող անձի ֆոտոռոբոտը: Հովհաննիսյանի խոսքով՝ դա աբսուրդի ժանրից է, որովհետև ֆոտոռոբոտը կազմվում է տուժողների կամ վկաների կողմից տրված տեղեկությունների հիման վրա, իսկ քրեական գործով չկան անձինք, ովքեր տեսել են կրակող անձին: Հովհաննիսյանը նշեց, որ դա ևս փաստում է, որ ամեն ինչ նմանակման առումով  նախապես պլանավորված է եղել, իսկ ֆոտոռոբոտը պլանի մի մասնիկն էր: Պաշտպանը միջնորդել է, որ ֆոտոռոբոտը ճանաչվի ապացույց և կցվի գործին: Միջնորդությունը կքննարկվի հաջորդ դատական նիստին:

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ փորձաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի անմիջապես ետևից ամբողջ ընթացքում  ընթացել է սև գույնի Սուզուկի մակնիշի ավտոմեքենա, որի համարանիշներից երեք նիշն առկա էր, մինչդեռ՝ վարույթն իրականացնող մարմինը որևէ քննչական և դատավարական գործողություն չեր իրականացրել, քննիչը որևէ հանձնարարություն չէր տվել օպերատիվ մարմնին՝ պարզելու, թե ինչ մեքենա էր դեպքին նախորդող ժամանակահատվածում երթևեկել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ետևից: «Դիտմամբ պասիվ մնացինք այս ուղղությամբ՝ նախաքննության ընթացքում: Եթե նախաքննության ընթացքում միջնորդեինք այս ուղղությամբ որևէ գործողություն կատարել, միգուցե և այդ հանգամանքը ամբողջությամբ չբացահայտվեր: Այդ ընթացքում մենք փաստաբանական  հարցում  կատարեցինք ՃՈ, պարզեցինք, որ այդ մեքենան պատկանում էր Կապան ՃՇՇ-ին, ընդ որում՝ այդպիսի միայն մեկ մեքենա կար Սյունիքի մարզում: Մենք միջնորդություն ներկայացրեցինք դատարան՝ խնդրելով, որ հաջորդ դատական նիստին այդ ավտոմեքենայի վարորդը և ՃՇՇ-ի տնօրենը ներկայացվեն հարցաքննության՝ պարզելու նրանց առնչությունը դեպքին»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ միջնորդության քննությունը ևս հետաձգվել է:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close