Նորություններ

«Կամ քրեական հետապնդման մարմիններն են թույլ և անուժ, կամ էլ նախկին ու ներկա իշխանությունների տարբերություն պարզապես չկա». Հ. Բաղդասարյան

«Այս պայմաններում, բնականաբար, դժվար է հավատալ արդարության վերականգնման և պետությունից գողացվածը «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելու թեզին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու բազմաթիվ առանցքային մեղադրյալներ այսօր ազատության մեջ են, և իշխանությունը դեռևս համոզիչ բացատրություն չի տվել՝ ինչու է այդ մարդկանց հաջողվում խուսափել արդարադատությունից:

«ՀՀ քր. դատ. օր. 136 հոդ. համաձայն՝ դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ կիրառվում է խափանման միջոցը: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում: ՀՀ քր. դատ. օր. 134 հոդ. համաձայն՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Խափանման միջոցներն են կալանավորումը, գրավը, չհեռանալու մասին ստորագրությունը և այլն:

ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության N 821 որոշման 19 կետի համաձայն՝ կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը՝ զինկոմիսարիատները:

Կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում, ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը՝ պատիժը կրելուց կամ ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո:

Կալանքի տակ չգտնվող կասկածյալներին և մեղադրյալներին հետաքննության կամ նախաքննության մարմիններն անձնագրի փոխարեն տալիս են անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվության, որի ձևը մշակում և հաստատում է ոստիկանությունը:

ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման կարգի N 884-Ն որոշման 16-րդ կետի համաձայն՝ ՍԷԿՏ համակարգից օգտվելու անհրաժեշտ ծավալը` յուրաքանչյուր օգտվողի համար, հաշվի առնելով իրականացվող գործառույթները և առկա տեխնիկական պայմանները, սահմանվում է համակարգող մարմնի և տվյալ օգտվողի փոխադարձ համաձայնությամբ:

Քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար ՍԷԿՏ համակարգից օգտվելու անհրաժեշտ ծավալները սահմանվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով՝ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորություններին համապատասխան:

Նույն որոշմամբ հաստատված ցանկի համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվությունից իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ծավալով օգտվում են (մեզ հետաքրքրող մարմիններից) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը:

Իրավական նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Հանրապետության ներսում անձանց ազատ տեղաշարժման իրավունքը նախաքննության ընթացքում կարող է սահմանափակվել քննիչի որոշմամբ, կալանավորումը՝ դատարանի որոշմամբ, իսկ երկրից դուրս գալու արգելքը՝ դատախազի կողմից ՍԷԿՏ-ին դիմելու արդյունքում։

Հիմա անցնենք Ձեր նշած անձանց՝ ավելացնելով Սերժ Սարգսյանի եղբայր, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Լևոն Սարգսյանի, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, առանձնապես ծանր հանցագործության քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանի, ԱԺ նախկին պատգամավոր, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Արթուր Գևորգյանի, նախկին գլխավոր հարկադիր կատարող, օֆշորային սկանդալի գործով անցնող Միհրան Պողոսյանի, Սյունիքի նախկին մարզպետ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով վատնման ու պաշտոնեական կեղծիքի համար մեղադրվող Սուրիկ Խաչատրյանի, նախկին դատավոր, կաշառք ստանալու մեջ մեղադրվող Սամվել Ուզունյանի, Պաշտպանության նախկին նախարար, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրվող Վիգեն Սարգսյանի, գործարար, կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի, փողերի լվացման գործընթացի մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի անունները:

Այս պայմաններում, բնականաբար, դժվար է հավատալ արդարության վերականգնման և պետությունից գողացվածը «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելու թեզին»,- կարծիք հայտնեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ հստակ ասել, թե ինչ է կատարվում, գործնականում հնարավոր չէ: «Սակայն, տեսականորեն վերլուծելով տեղի ունեցածը, հանգում ես հետևյալին. կամ քրեական հետապնդման մարմիններն են թույլ և անուժ, որ չեն կարողանում արհեստավարժ մոտեցում ցուցաբերել իրենց վարույթում գտնվող գործերին, կամ էլ նախկին ու ներկա իշխանությունների տարբերություն պարզապես չկա, այլ կա փոխադարձ պայմանավորվածություն՝ արդարադատության ձևականացում (իմիտացիա) ցուցադրելու վերաբերյալ»:

Իրավապահ համակարգն ի՞նչ դերակատարում ունի այս գործում, ցանկություն չունի՞ փոխվելու, ցանկություն չունի՞ խաղի նոր կանոններն ընդունելու: Հարցին փաստաբանը պատասխանեց. «Իրավապահ համակարգը մշտապես սպասել է հրահանգների: Ես համարյա բացառում եմ նրանց կողմից ինքնուրույն գործելակերպը: Այնպես որ, այդ համակարգը դժվար թե փոխվի, այսինքն ինչպես ծառայել է նախկին իշխանությանը, այնպես էլ շարունակում է ծառայել ներկա իշխանությանը: Ավելին ասեմ, ներկա-նախկին, հին ու նոր տարանջատված իշխանության մասին, որպես կանոն, ես չեմ խոսում, քանի որ, ըստ իս, Հայաստանում բոլոր ժամանակներում եղել է նույն իշխանությունը, փոխվել են միայն իշխանավորները»։

«Ճանաչելով մեր քննիչներին՝ վստահ կարող եմ ասել, որ նրանք զեկուցած կլինեն դատախազներին՝ խափանման միջոց կիրառելու մասին. այսինքն, համարյա բացառում եմ քննիչների մեղքն այս գործերում: Բացի այդ, չմոռանանք, որ մի շարք գործեր հարուցվել են ապագա մեղադրյալների՝ երկրից հեռանալուց հետո:

Առավել հավանական է, որ հին ու նոր իշխանությունների միջև եղել է համաձայնություն՝ իշխանափոխությունից հետո նախկին պաշտոնյաների հետ պայմանավորվելու վերաբերյալ»,- եզրափակեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close