ՆորություններՍպորտ

Հայկական ֆուտբոլը ճեղքեց կարանտինը․ ԲԽ այս տուրի զարդը, բացակա լեգիոներներն ու մեր սպասելիքները

Ինչքան էլ բոլորիս համար էլ հետաքրքիր են եվրոպական թոփ առաջնության հանդիպումները, բայց մեր հոգու խորքում՝ մի փոքրիկ անկյունում, մի մեծ տեղ ենք հատկացնում հայկական ֆուտբոլին: Չէ՞ որ այն մերն է: Նրանք էին անցած տարի մեզ ուրախության պահեր պարգևում: Նրանց խաղերն էինք մարզադաշտից դիտում ու ուրախանում՝ վայելելով Իլյա Անտոնովների ու Պետրոս Ավետիսյանների գոլերը: Արթուր Միրանյանն էր Գյումրու քաղաքային մարզադաշտում հավաքված երկրպագուներին պահում ցնծության մեջ:

Մոռացա՞նք:

Թե՞ մենք մեր ակումբների կողքին ենք, երբ նրանք հայտնվում են Եվրագավաթային շրջանում կամ ավելի վատ՝ հաղթահարում են մեկ-երկու փուլ: Թե՞ գնում ենք մարզադաշտ ինչ-որ հեղինակավոր խաղացողի տեսնելու: Անշուշտ, կան այդպիսիք, բայց նրանք մեծամասնություն չեն:

Երբ ֆեդերացիան հայտարարեց, որ խաղերն անցնելու են դատարկ տրիբունաների ուղեկցությամբ, սոցցանցերում հումորային գրառումների հեղեղատ եղավ այն առիթով, թե իբր խաղերն առանց այդ էլ անցնում էին դատարկ տրիբունաների ուղեկցությամբ: Իսկ այդ մարդիկ տեղյա՞կ են, թե քանի ֆուտբոլասեր է լինում, օրինակ, Վանաձորում, Գյումրիում կամ Չարենցավանում: Ինչու՛ ոչ՝ նաև Երևանում: 100, 200, 500 կամ 1000 մարդը մարդ չէ՞: Միգուցե, նրանց համար մարդկանց x քանակը մարդկային թիվ չէ՞: Միգուցե, խաղին պետք է լինի 10 հազար հոգի, որ նրանք հաշվե՞ն՝ խաղին ներկա են լինում երկրպագուներ: Ծիծաղելի է:

Այն մարդիկ, որոնք միշտ այցելում են Բարձրագույն խմբի խաղերին, այս ընթացքում ծարավել են հայկական ֆուտբոլով, և նրանց վիրավորել պետք չէ: Եվ քանի մենք այդկերպ ենք մտածում, մեր ֆուտբոլը շաաատ դանդաղ կշարժվի առաջ: Այս ամենից զատ, սակայն, այսօր ֆուտբոլի վերադարձը զուտ մարզական իրադարձություն չէ, այն կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում հնարավոր հաղթանակի փոքրիկ խորհրդանիշ է։

Եվ այսպես, Բարձրագույն խմբի առաջնությունը վերադառնում է: Վերադառնում է նաև Առաջին խմբի առաջնությունը: Ինչպես արդեն նշեցինք, խաղերը կայանալու են դատարկ տրիբունաների ուղեկցությամբ:

Թիմերը առաջնության վերսկսմանը կներկայանան ոչ ամբողջական կազմերով


Առաջնության վերսկսումից առաջ թիմերն ընկերական խաղեր անցկացրեցին ու մի քանի խաղում տարօրինակ արդյունքներ գրանցվեցին: Իհարկե, տրամաբանական է, քանի որ 2 ամիս թիմային մարզում չէին ունեցել խաղացողները, և յուրաքանչյուրը տարբեր մարզավիճակում էր, ու գաղտնիք չէ նաև, որ ամեն խաղացող յուրովի է մարզավիճակ հավաքում: Այնպես որ առաջնության վերսկսումից հետո, որոշ ժամանակ պետք է ցանկացած արդյունք էլ սպասել: Կա ևս մեկ փաստ: Այն թիմերը, որոնք կարանտինային շրջանում արգելել են իրենց խաղացողներին մեկնել Հայաստանից կամ խաղացողները չեն մեկնել, շահել են: Կան թիմեր, որոնք այս պահին ամբողջական կազմով չեն մարզվում: Գլխավոր օրինակը, թերևս, Երևանի «Արարատն» է: Թիմի ճամբարից այս պահին 6-7 խաղացող է բացակայում, որոնք հիմնականում գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և դեռևս անորոշ է՝ երբ կկարողանան վերադառնալ: Նույնիսկ, եթե նրանք այսօր վերադառնան, դեռ պետք է կարանտինում գտնվեն, հետո վերադառնան մարզումներին, իսկ չեմպիոնության համար պայքարող թիմի համար դա լուրջ կորուստ է: Հենց ռուս ֆուտբոլիստներն են հիմնականում տոն տալիս «Արարատի» խաղին:

«Արարատ-Արմենիայից» միայն Ստեֆան Չուպիչն է ուշ միացել թիմին, բայց կա նրան փոխարինող՝ ի դեմս Դմիտրի Աբակումովի: Համեմատաբար նախընտրելի վիճակում է Գյումրիի «Շիրակը», որտեղից միայն բացակայում է սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: «Փյունիկ» վերջերս են վերադարձել Արտյոմ Սիմոնյանն ու Սերոբ Գրիգորյանը, և այդ պատճառով նրանց դժվար է պատկերացնել առաջիկա խաղի հայտացուցակում: Այս պահին թիմում չեն Սերգեյ Շևչուկը, Դենիս Մահմուդովը և Սալոմոն Նիրիսարիկեն: «Լոռիից» Հայաստանում չէ գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան: Իր գլխավոր մարզչին՝ Ալեքսանդր Գրիգորյանին, չի հասցրել Հայաստան վերադարձնել նաև «Ուրարտուն»: Վերջին երկու ակումբների մի քանի խաղացող էլ են բացակայում Հայաստանից: Այս տեսանկյունից ամենաշահեկան իրավիճակում «Ալաշկերտը», «Նոան» և «Գանձասար-Կապանն» են, որոնց ֆուտբոլիստները գտնվում են Հայաստանում:

Մինչ առաջնության վերսկսումը քննարկվեց ձևաչափի փոփոխման տարբերակ


Նախ սկսենք նրանից, որ առաջարկվում էր առաջնության մնացած հատվածը շարունակել նախկին ձևաչափով և չեղյալ համարել առաջատար վեցյնակի թիմերի վաստակած արտոնությունները. այն է՝ ունենալ ապահովագրված 6-րդ հորիզոնականը: Սակայն ՀՖՖ Գործկոմի հերթական նիստի ժամանակ որոշվեց շարունակել այն նույն ձևաչափով, որով սկսվել էր առաջնությունը: Նախկինում խոսել էինք այն մասին, որ դա միգուցե անարդար կլիներ, քանի որ այդ թիմերն արդեն իրենց արդար քրտինքով վաստակել էին իրենց տեղը լավագույն վեցնյակում:

Սպասելիքներ առաջիկա տուրից


Տվյալ իրավիճակում դժվար է խաղադաշտում մոտիվացիա գտնել 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերի համար, բայց նրանք իրենց ցուցադրած խաղով ու արդյունքներով են արժանացել այդ բախտին: Առաջիկա տուրով կավարտվի առաջնության առաջին հատվածը: Այս տուրում «Գանձասար-Կապանը» կստանա 3 միավոր, քանի որ մրցակիցը առաջնությունից վաղուց դուրս եկած «Երևանն» է: Մնացած 4 խաղերն էլ առանձնակի հետաքրքիր ու ինտրիգային են: Միգուցե, «Փյունիկը» այլևս մեծ հաշվով այս առաջնությունում պայքարելու մոտիվացիա չունի, սակայն «Արարատ-Արմենիայի» դեմ խաղերին, վստահաբար, փյունիկցիները առանձնակի են պատրաստվում: Այդ տեսանկյունից հետաքրքիր պայքար է սպասվում այդ խաղում: Հնարավորությունների տեսանկյունից փոքր-ինչ առավելությունը գործող չեմպիոնի կողմն է, բայց հետաքրքիր պայքարն ապահովված է: Երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի 6-րդ տեղում գտնվող «Նոային, սակայն այս 2 թիմի միջև եղած տարբերությունը 4 միավոր է: «Ալաշկերտը» վերջին ընկերական խաղերում չէր խնայում ոչ-մեկի: Արմեն Ադամյանի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Լոկոմոտիվի» դարպասը, 8:1 հաշվով չնկատեցին առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիային» և մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեցին հանդիպումը «Արարատ-Արմենիայի» հետ:

Ի տարբերություն «Ալաշկերտի»՝ «Նոան» 3 խաղում գրանցեց 3 հնարավոր արդյունքները: Ընդ որում, պարտվեց ԲԿՄԱ-ին: Այս խաղում կարելի է որոշ առավելություն տալ «Ալաշկերտին», չնայած երբեք չի կարելի հիմնվել ընկերական խաղերի արդյունքների վրա: «Արարատ»-«Ուրարտու» խաղում դժվար է ֆավորիտ գտնել: Երկար ժամանակ Բարձրագույն խմբի առաջատար «Արարատն» այս պահին 5-րդն է: Գումարած դրան, ինչպես նշեցինք, թիմում չեն մի շարք առաջատարներ: «Ուրարտուն» էլ նախապատրաստական հատվածում աչքի չընկավ փայլուն ելույթներով: Այս թիմերի հնարավորությունները կարելի է բավարար գնահատել:

Տուրի զարդը, անկասկած, մարզային դերբին է: Ցավոք, դերբիի գլխավոր զարդերից մեկը՝ երկրպագուն, չի կարող ներկա լինել խաղին: Պատկերացնու՞մ եք, Գյումրիում, գյումրեցի-լոռեցի դիմակայությունը: Փոխարենը, հետաքրքիր պայքարը կապահովեն թիմերը:

Աղյուսակում հարևանները մեկ միավորի տարբերությամբ են դասավորված: Երկու թիմն էլ խաղացողների՝ Հայաստանում գտնվելու խնդիր չունեն, բացառությամբ՝ «Շիրակի» հարձակվող Ուրոշ Նենադովիչի, սակայն «Լոռիից», արդեն պարզ է, որ խաղը բաց կթողնի գլխավոր մարզիչը: Այս ամենը համադրելով և հաշվի առնելով նաև հարազատ պատերի առկայությունը, որոշակի առավելություն կարելի է տալ Վարդան Բիչախչյանի թիմին:

Դե ինչ, մեզ բարի երթ ու արդար մրցակցություն: Մեզ մնում է հիշեցնել, որ Առաջին խմբի առաջնությունը վերսկսվում է մայիսի 30-ին: 22-րդ տուրի շրջանակում կմրցեն «Մասիսն» ու «Փյունիկ 2»-ը, «Ալաշկերտ 2»-ն ու «Լոկոմոտիվը», «Տորպեդոն» ու «Արագածը», «Վան» ու ԲԿՄԱ-ն, «Ուրարտու 2»-ն ու «Շիրակ 2»-ը, «Դիլիջանն» ու «Սևանը, «Անին» ու «Լեռնային Արցախը», «Վեստ Արմենիան» ու «Արարատ-Արմենիա 2»-ը:

Արմեն Գարամյան

armsport.am

Back to top button
Close