Նորություններ

«Օրերը տարբերվում էին միայն նրանով, որ իմ սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն չունեի». Ն. Շողիկյան

Կորոնավիրուսով վարակված լրագրող Նորայր Շողիկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է իր մոտ COVID-19-ի ախտորոշման, զգացողությունների և հիվանդության դեմ պայքարի մասին:

Նորայր Շողիկյանին պարետատնից տեղեկացրել են թեստի արդյունքը և տնից միանգամից տեղափոխել են Արտաշատ։ Լրագրողը հիվանդանոցում մնացել է մեկ շաբաթ։ Երեկ երեկոյան տեղափոխվել է հյուրանոց։ Երևանի հյուրանոցներից մեկում Նորայրն ինքնամեկուսացվել է։

«Հիվանդասենյակ մտնելու առաջին իսկ պահից սկսեցի նախ ուսումնասիրել այնտեղ առկա ամեն բան։ Նկատեցի դրված ջերմաչափը, հետո ձեռքերն ախտահանելու համար դրված ալկոգելը, և առաջին գործողությամբ մի տեսակ ավտոմատ կերպով վերցրի այն ու դրանով շփեցի ձեռքերս։ Հետո արդեն այդ գործողությունը վերածվեց ռեֆլեքսի ու բացի որևէ տեղ դիպչելուց հետո լվացվելուց, նաև ձեռքերս շփում էի ալկոգելով։ Առաջին օրվա ընթացքում մեծ թվով հեռախոսազանգերի ու նամակների եմ պատասխանել, գրեթե ողջ օրս այդպես է անցել»,- պատմում է լրագրողը։

Նրա խոսքերով՝ հիվանդանոցում անցկացրած մեկ շաբաթը շատ արագ է անցել: «Սկզբում, երբ նոր էի այնտեղ տեղափոխվել ու պետք է չորս պատի մեջ մեկուսացված լինեի, մտածում էի, թե հոգեբանորեն շատ դժվար է լինելու այդ իրավիճակին հարմարվելը, սակայն ընտանիքիս անդամների, ընկերներիս, հարազատներիս ու նույնիսկ անծանոթ մարդկանց շնորհիվ, որոնք իրենց զանգերով ու նամակներով չէին թողնում, որ ինձ միայնակ զգամ, նաև բարեհամբույր բուժանձնակազմի շնորհիվ շատ հեշտ ու արագ հարմարվեցի նոր կարգավիճակիս»։

Նորայրը պնդում է, որ հիվանդանոցում միապաղաղություն չի զգացել. «Օրերը տարբերվում էին միայն նրանով, որ իմ սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն չունեի։ Կարողանում էի միայն հեռախոսով գրել օրագիրս, բայց ակտիվ լրագրությամբ զբաղվելը հնարավոր չէր»:

Երիտասարդը խոստովանում է, որ COVID 19-ի հետ պայքարի ավարտից հետո ամենաշատը կհիշի հարյուրավոր մարդկանց տված ուժն ու ջերմությունը, որ զգացել է այս օրերին: «Ժպիտով կհիշեմ նաև այն բուժքույրերին ու բժիշկներին, որոնց շնորհիվ հիմա արդեն արագ ապաքինվում եմ»,- եզրափակեց Նորայր Շողիկյանը։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close