Նորություններ

Ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական ու քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի կերտման ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում եմ պատմական Շուշիում, այն էլ՝ հաղթական մայիս ամսին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ Նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստին ասել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ երբ 28 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների կազմում գրոհում էին Շուշիի բաղձալի բարձունքը, ինքը և իր բոլոր մարտիկները մեծ երազանք ունեինք տեսնել Արցախը միացած Մայր Հայաստանին, ինչպես նաև ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից ու զրկանքներից:

«Ինքներս մեզ վստահելու և մեր սեփական ներուժին ապավինելու շնորհիվ, նվիրյալների կյանքի ու ջանքի գնով, համայն հայության միակուռ սատարումով մեզ հաջողվել է հասնել միացյալ ու ազատ հայրենիք ունենալու մեծ երազանքին և 28 տարի շարունակ պահպանել ու զարգացնել այն: Այժմ նորանոր երազանքներ դնելու և հասնելու ժամանակն է՝ մեկը մյուսից մեծ ու անհավանական… Այժմ ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական ու քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի կերտման ուղղությամբ: Այժմ ժամանակն է երազելու և գործելու ժողովրդի համար բարեկեցիկ ու արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ: Ժամանակն է երազելու և գործելու մեծ հայրենադարձության իրականացման ուղղությամբ: Այժմ ժամանակն է երազելու և գործելու Հայոց միացյալ հայրենիքի համամարդկային ու միջազգային դերակատարության ու պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ: Ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու և ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել»-մասնավորապես նշել է Ա. Հարությունյանը:

Նորընտիր նախագահը երդվել է երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անելու է առավելագույնը իր գործառույթների պատշաճ իրականացման և այս ու մի շարք այլ համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

Back to top button