ՆորություններՔո ձայնը

Ես չեմ ուզում իմ պետության վարչապետը անընդհատ խոսի փոքրամասնության հետ. Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

Հարգելի Վարչապետ,
Նայեցի այս տեսանյութը։

Դուք մի քանի անգամ դիմեցիք «ժողովուրդ» բառով, որի մեջ ես էլ եմ մտնում և մտնում են այն բոլոր մարդիկ, ովքեր ընտրել են Ձեր ասելով Ձեր նշած ուժին, մտնում են նաև նրանք, ովքեր ձայն են տվել այլ ուժերի, սակայն հիասթափվել են նրանցից և հենարանն են մեր ընտրված իշխանության։
Դուք դիմեցիք «ժողովուրդ», այնինչ խոսում էիք իշխանության դեմ ելած 5% չհավաքած մարդկանց հետ:
Ես չեմ ուզում իմ պետության վարչապետը անընդհատ խոսի փոքրամասնության հետ, հատկապես երբ դիմում է մեծամասնության անունով։ Ու առհասարակ, հերիք է ուժ տաք և ռասկռուտկա անեք նրանց, ովքեր էությամբ մեր հեղափոխության արժեքներին դեմ են։ Հերիք է պատասխանեք շատ, բայց մարգինալ մեդիաների տարածածներին։

Ես ոչ մի իշխանության մեջ չեմ եղել։ Ես չեմ ասել, որ դուք գող եք, չեմ ասել, որ դուք փայատեր եք, չեմ ասել, որ թմրադեղով եք զբաղված, չեմ ասել, որ ոսկի եք հանել պետությունից, անգամ չեմ ասել, որ պատասխանեք այդ ասողներին։ Իսկ իմ նման մարդիկ Հայաստանում մեծամասնություն են կազմում, ու մեզնից շատ֊շատերը լռում են։ Այո, մեր մեծ մասը լռում է, մեր մեծ մասը գործ է անում, կանգնում է, պայքարում՝ երբ պետք է, մեր մեծ մասը գնաց ու ընտրեց ձեզ ու մյուս ընտրությանը կգնա ու էլի կընտրի նրան, ում ուզում է, ում կհավատա։ Մենք արարքի մարդիկ ենք։ Ու չենք ուզում, որ մեր վարչապետը անընդհատ շեղվի և իր խոսքն ուղղի մի հազար մարդու, հատկապես երբ դիմում է՝ ժողովուրդ ջան։
Գործեք։ Մենք Ձեզ քվե ենք տվել։ Մենք Ձեր նախընտրական ծրագրերին ասել ենք՝ ԱՅՈ։ Դե գործեք։ Մի լսեք հների մեդիաներին ու եվրայոնջաներին ու արեք վեթինգը, կարգի բերեք ՍԴ-ն, կրճատեք ուռճացած պետական ապարատը, մենք այդքան ձրիակեր ո՞նց պահենք։ Վերափոխեք Ոստիկանությունը, Դատախազությունը, ԱԱԾ-ն։ Եթե դրա համար մեր պետությունը փող չունի, ապա մենք կհավաքենք, ոնց հավաքում էինք Ապրիլյան պատերազմի օրերին։ Մենակ թե մաքրեք։

Ու այնպես արեք, որ մենք՝ մեծամասնությունը, ամեն օր չդողանք, թե մեր պետության հետ մի բան կլինի։ Մենք արարող ենք։ Իսկ դա մեզ խանգարում է, շեղում է։

ՀՀ քաղաքացի՝ Արմեն Մարտիրոսյան

 

Back to top button
Close