Նորություններ

«Նիկոլ Փաշինյանը, պայքար չծավալելով համակարգային կոռուպցիայի դեմ, անուղղակի կերպով հովանավորում է այն». Գ.Միսկարյան

«Պնդումը, թե առանց Սահմանադրական փոփոխությունների անհնար է իրականացնել վեթինգ, մեղմ ասած, սխալ է, և երկրորդ, եթե դա անհնար է, ինչո՞ւ էր մի տարի առաջ տիկին Մակունցը հայտարարում, թե արագ վեթինգ են իրականացնելու, այն դեպքում, երբ Սահմանադրական փոփոխությունների մասին խոսք չկար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն՝ անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, որի համաձայն՝ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո։

Միսկարյանի կարծիքով՝ վեթինգը Սահմանադրական փոփոխությունների հետ կապելը պարզապես շղարշ է, ժողովրդի մոտ արդարանալու միջոց. «Ես կարծում եմ, որ այդ վեթինգի առկախման հարցում ամենաշահագրգիռ կողմը կոռումպացված դատավորներն են. նրանք ամենավերջին տեղում չեն և այս որոշման վրա ազդողների ցանկում դեր ունեն։ Թե ինչպես են ազդել, հիմա, ցավոք, դժվար կարողանանք ասել, որովհետև նրանք, ովքեր պիտի իրականացնեն այդ բացահայտումը՝ իրավապահ մարմինները, առանձին մի ռեֆորմի անհրաժեշտություն էլ նրանք ունեն»,- ասաց Գարեգին Միսկարյանը։

Երեկ Գարեգին Միսկարյանը սոցցանցի իր էջում գրառում էր կատարելով՝ հայտարարելով, որ Հայաստանում համատարած կոռուպցիա է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այդ համակարգային կոռուպցիան է հովանավորում։

Միսկարյանը պարզաբանեց. «Այն, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, դրա մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը, իհարկե, լայն իմաստով կոռուպցիայի մասին է, ոչ թե կաշառակերության։ Երբ նա ասում էր, որ համակարգը դիմադրում է, դա հենց այդ համակարգային կոռուպցիայի մասին էր խոսքը։ Այդ դիմադրությունն այլ կերպ, քան կոռուպցիոն դրսևորումները, չի լինում։ Հաշվի առնելով, որ այդ հայտարարությունից ի վեր համակարգային փոփոխությունների ուղղությամբ ոչինչ չի արվել, հաշվի առնելով, որ պարոն Փաշինյանը, իմանալով այդ կոռուպցիոն երևույթների մասին, հայտարարում է, թե ռեֆորմների համար հանրային պահանջ պիտի ձևավորվի, այսինքն, ենթադրվում է, որ եթե պահանջ չձևավորվի, կոռուպցիայի դեմ պայքար չի լինելու, նշանակում է, որ նա պայքար չծավալելով համակարգային կոռուպցիայի դեմ՝ անուղղակի կերպով հովանավորում է այն։ Երբ ասում եմ, որ Փաշինյանն է հովանավորում, խոսքը ոչ թե ուղիղ հովանավորչության մասին է, այլ երբ երկու տարի գիտես, որ կա համակարգային կոռուպցիա, ու ոչ իրավական համակարգում են իրական բարեփոխումներ լինում, ոչ դատական համակարգում, անկախ քո կամքից՝ դու ես դառնում դրա «հովանավորը»»,- եզրափակեց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button