Նորություններ

Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ ու իրականացնելով լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, և այդ միջոցառումների արդյունքում կատարելով նաև քննչական գործողություններ, պարզել են ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների և սպանությունների դեպքի մանրամասներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Նորատուս գյուղի բնակիչ, 47-ամյա Ռոբերտ Հակոբյանը, Նորատուս գյուղի բնակիչ, 33-ամյա Վահե Ավետիսյանը, Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Հակոբյանը և Նորատուս գյուղի բնակիչ, 37-ամյա Աշոտ Եղիազարյանը ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած, դեռևս չպարզված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 2 և ավելի անձանց՝ Գավառ քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Հայթյանին, Գավառ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Դավոյանին և նրանց հետ գտնվող անձանց ապօրինաբար ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կարճ տարածությունից կրակահերթ են արձակել՝ ըստ նախնական տեղեկությունների, իրենց ուղղությամբ կրակող Ա. Հայթյանի վրա:

Փոխհրաձգության հետևանքով Վ. Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը տեղում սպանվել են, իսկ Հ.Հակոբյանը, Ա.Սարգսյանը, Ա.Պետրոսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» Բ/Կ, արդյունքում Ռ.Հակոբյանը, Ա.Եղազարյանը, Հ.Հակոբյանը և Վ.Ավետիսյանն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ռ.Հակոբյանին և Ա.Եղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով ու խափանման միջոց կիրառվել է կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ էին ընդունվել Գավառ քաղաքում 2 անձի սպանելու և 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում:

2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close