Նորություններ

Երկար ու դժվարին ճանապարհի հաղթահարումը բոլորիս համար հաճելի փորձություն էր. Արայիկ Հարությունյան

Այսօր ընտանիքիս, իմ գլխավորած քաղաքական թիմի մի խումբ անդամների եւ Դադիվանքի հոգեւոր հովիվ ու իմ լավ բարեկամ Տեր Հովհաննես քահանայի հետ ուխտի ենք գնացել 13-րդ դարում կառուցված Սուրբ Եղիշեի վանք, որտեղ գտնվում է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի գերեզմանը եւ հոսում դարավոր պատմության հիշողությունն իր մեջ կրող Անահիտ թագուհու աղբյուրը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Երկար ու դժվարին ճանապարհի հաղթահարումը բոլորիս համար հաճելի փորձություն էր, քանի որ իրենում յուրահատուկ խորհուրդ է բովանդակում: Վաչագան Բարեպաշտի գործունեության հանդեպ միշտ հատուկ ակնածանք եմ տածել, որովհետեւ նրան համարում եմ մեր երկրի երբեւէ ունեցած ամենաիմաստուն առաջնորդներից մեկը, որից պետք է դասեր քաղել:

Նա կարողացավ համախմբել բոլոր առողջ ուժերին եւ Արշակունյաց թագավորության անկումից ու երկրում գրեթե երկու տասնամյակ տեւած անիշխանությունից հետո Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում եւ դրանց հարակից տարածքներում վերականգնել հայկական թագավորությունը: Կառավարման տարիներին հանդես եկավ կարեւոր բարեփոխումներով, եւ այդ համատեքստում նրա ստեղծած «Սահմանադրություն կանոնական»-ը հայ եւ համաշխարհային իրավագիտության պատմության գլուխգործոցներից է համարվում:

Ապագայի հանդեպ մեր բոլոր ծրագրերը չեն կարող ոգի ունենալ, եթե ըստ արժանվույն չկարողանանք գնահատել եւ չարժեւորենք մեր անցյալը: Ես այսօր իմ առաջին երդումը տվեցի հիշատակի առջեւ մեր նախնիների, ովքեր Արցախի հանդեպ սերը պաշտամունքի էին վերածել: Նրանց թողած պատգամը խոստացել եմ կրել՝ հանուն մեր հերոս ժողովրդի արժանապատիվ կյանքի ու Արցախի հզոր պետականության կերտման, եւ նույն նվիրականությամբ փոխանցել գալիք սերունդներին»:

Back to top button