Նորություններ

Միքայել Մինասյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Միքայել Մինասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ. նրա դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազություն։

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել` անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

«Ընթացիկ տարվա մարտի երեքին մամուլում հրապարակված «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ մասնակից Մանվել Տեր–Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ ՀՔԾ–ում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2007–ի նոյեմբերի 16-ին Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն։ Այսինքն` նա պետք է2 տարվա ընթացքում վերակառուցեր Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշյալ ընկերությունը 2008թ.-ին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն 2007-2012թթ-ին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը։ Այսպիսով` ընկերությանը փաստացի զրկել է վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից։ Ընկերությունը 2007-2014թթ-ի ընթացքում կրել 1 938 798 136 ՀՀ դրամի վնաս:

Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու` վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` ըստ քննչական ենթակայության հանձնելու համար:

Ի դեպ, Մանվել Տեր–Առաքելյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «կնոջ հայրիկի աջակցությամբ 500 հազար դոլարանոց սրճարանը ձեռքից խլել է»:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը 2007- 2008թթ. վարչապետի ավագ օգնականն է եղել, իսկ 2008- 2012թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել։

 

Back to top button
Close