Նորություններ

2003-2018 թվականներին կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ պարզվել են մի շարք հանգամանքներ. գործն ուղարկվել է ՀՔԾ

2003-2018 թվականներին կատարված սպանությունների և դրանց փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2003թ. սեպտեմբերի 30-ին  սպանության համար հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից մեկ այլ քաղաքացու կեղծ տվյալներով ստացել է Վրաստանի քաղաքացու անձնագիր և մեկնել Ֆրանսիա:

Մեղադրյալը, Վրաստանի քաղաքացու տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 2010թ. դիմել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, իսկ 2011թ. փետրվարի 17-ին, նույն կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում կազմվել է քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ գործ և ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ կարծիք հայտնելու նպատակով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից անձնագրային և վիզաների վարչություն պատասխան գրություն է ուղարկվել, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ առարկություն չունեն:

ՀՀ նախագահի 2011թ. հունիսի 20-ի հրամանով մեղադրյալին, կեղծ տվյալներով, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, իսկ 2011թ. հոկտեմբերի 31-ին անձնագրային և վիզաների վարչությունից վերջինս ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որից հետո այդ անձնագրով, 2012թ. մարտի 23-ից մինչև 2016թ. օգոստոսի 24-ը, պարբերաբար ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

2011թ. նոյեմբերի 1-ից մեղադրյալը, կեղծ տվյալներով, ՀՀ պաշտպանության նախարարի հետ կնքված աշխատանքային պայմանագրով ընդունվել է ծառայության ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ նշանակվելով զինծառայողի հաստիքի՝ որպես զորամասի ուսումնական մասի պետ-դպրոցի պետի տեղակալ: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարության Էրեբունու զինկոմիսարիատում, առանց սահմանված փաստաթղթերի և ստուգումների, մեղադրյալի կեղծ տվյալներով կազմվել է սպայի անձնական գործ: 2011թ. դեկտեմբերի 23-ից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մեղադրյալին, «դրամական օժանդակություն» հիմնավորմամբ, ամեն ամիս փոխանցվել են գումարներ: 2012թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մեղադրյալն ազատվել է ծառայությունից՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության հիմքով: Դրանից հետո էլ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից շարունակվել են ամեն ամիս գումարներ փոխանցվել մեղադրյալին՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 3-ը: Այնուհետև՝ 2015թ. ապրիլի 28-ից մինչև 2016թ. օգոստոսի 26-ը, մեղադրյալի հաշվեհամարին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «ռազմական կարիքների համար» հիմնավորմամբ, փոխանցվել են գումարներ, ինչպես նաև՝ նրան տրամադրվել է ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողական վկայական և ավտոմեքենա, որը շահագործվել է նրա կողմից: Ընդհանուր ՀՀ պաշտպանության նախարարությունից մեղադրյալի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 9 միլիոն ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում կատարված հարցմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում նման ծառայողի վերաբերյալ տվյալներ գրանցված չեն և այդպիսի տվյալներով անձ ՀՀ պաշտպանության նախարարության սպայական, ենթասպայական և շարքային կազմի պայմանագրային պաշտոններում երբևէ չի ծառայել:

2015թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում արգելանք է սահմանվել հետախուզվող մեղադրյալի, կեղծ տվյալներով անձի սահմանահատումների նկատմամբ:

2015թ. փետրվարին մեղադրյալը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Վանաձորում, սակայն ազատ է արձակվել՝ չներկայացվելով նախաքննական մարմնին:

2015թ. ապրիլի 24-ին մեղադրյալը «Զվարթնոց» օդանավակայանով, իր կողմից օգտագործվող կեղծ անձնագրով, փորձել է մեկնել ՀՀ-ից: ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից վերջինիս սահմանահատումը կասեցվել է, և նա հանձնվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներին: Սակայն հետախուզվող մեղադրյալը մի քանի ժամ անց արգելանքից ազատվել է և նույն օրը ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից վերացվել է վերջինիս սահմանահատումների նկատմամբ սահմանված վերը նշված արգելանքը, որից վեց օր անց՝ ապրիլի 30-ին, մեղադրյալը մեկնել է ՀՀ-ից: Հետագայում էլ մեղադրյալը շարունակել է ազատորեն տեղաշարժվել և հատել սահմանը:

Բացի այդ, 2015թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայողները պարզել են, որ կեղծված տվյալներով մեղադրյալը հանդիսանում է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող հետախուզվողը, որ նա գտնվում է ՀՀ-ում և միջոցներ չեն ձեռնարկվել՝ վերջինիս բերման ենթարկելու և նախաքննական մարմնին հանձնելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու առերևույթ տվյալներ, 2020թ.  մայիս 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

 

Back to top button
Close