Նորություններ

«Կյանքի ռիթմից հետ չմնալն էլ մասնագիտական է, անկախ ինձնից՝ նորություններ եմ կարդում, հետևում իրադարձությունների զարգացմանը ու ձեռքս պահում կյանքի զարկերակի վրա». Ն. Շողիկյան

Կորոնավիրուսով վարակված լրագրողը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է իր մոտ COVID-19 հաստատվելու, զգացողության և պայքարի մասին:

«Ամեն ինչ սկսվեց չոր հազով, թուլությամբ ու ջերմության բարձրացումով։ Այդ ժամանակ ռենտգեն հետազոտությունը ցույց տվեց, որ թոքերումս որևէ անհանգստանալու առիթ չկա, սակայն 4-5 օր անց հիվանդությունն ավելի խորացավ, ու վարակը հաստատվելուց 2 օր առաջ նկատեցի, որ հոտի զգացողությունս կորցրել եմ։ Քանի որ չոր հազ ունեի, հոտառության կորուստ, այսինքն՝ ախտանշաններ էին, որոնք հատուկ են կորոնավիրուսին, երբ թեստ հանձնելու ցուցում եղավ, այդ պահից արդեն հոգեպես պատրաստ էի, որ պատասխանը կարող է նաև դրական լինել։ Մայիսի 14-ի երեկոյան զանգահարեցին, ասացին, որ պարետատնից է, տեղեկացրին, որ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է։ Խնդրեցին պատրաստվել, վերցնել հիգիենայի պարագաներ ու սպասել շտապօգնության մեքենային, որն էլ ինձ պետք է տեղափոխեր հիվանդանոց։ Չեմ ընկճվել, ինքնազգացողությունս լավ է, մեծ հոգեբանական աջակցություն է նաև այն հարյուրավոր մարդկանց արձագանքն ու բարի խոսքերը, որոնք մինչև հիմա գալիս են, այն բանից հետո, երբ Ֆեյսբուքի իմ էջում գրեցի դրական պատասխանի մասին»,- պատմում է Նորայր Շողիկյանը:

Ի՞նչ է փոխվել Նորայրի կյանքում թեստի դրական պատասխանից հետո. «Փոխվել է այն, որ մինչև ապաքինվելս պետք է մնամ հիվանդանոցում, հարազատներիս ու ընկերներիս հետ շփվեմ հեռավար եղանակով, մի փոքր կկտրվեմ իմ բնականոն կյանքից, բայց կփորձեմ այս ընթացքում հոդվածներ հրապարակել այստեղի կյանքից, կփորձեմ իրադարձություններից հետ չմնալ»,- ասում է լրագրողը:

Նորայրը պատմում է, որ փորձում է ոչ մի կերպ կյանքի ռիթմից հետ չմնալ, կարոտը հաղթահարում է տեսակապի միջոցով. «Հեռախոսի միջոցով տեսակապով շփվում եմ ընտանիքիս անդամների, հարազատներիս ու ընկերներիս հետ: Զանգահարում են տարբեր հարազատ մարդիկ և իրենց զորակցությունն են հայտնում, չեն թողնում, որպեսզի որևէ մեկին կարոտեմ։ Կյանքի ռիթմից հետ չմնալն էլ մասնագիտական է, անկախ ինձնից՝ նորություններ եմ կարդում, հետևում իրադարձությունների զարգացմանը ու ձեռքս պահում կյանքի զարկերակի վրա»,- ասում է նա:

Ըստ Նորայրի՝ ամենադժվարը. սիմպտոմներն են տհաճ, որոնք որոշակի անհարմարություն են առաջացնում, մասնավորապես՝ չոր հազը, և գիտակցելն է դժվար, որ առնվազն 14 օր մնալու է հիվանդանոցում, ասում է, որ ժամանակի ընթացքում կհարմարվի նոր իրավիճակին:

Լրագրողը, անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, մարդկանց թերահավատությանը վարակի նկատմամբ, ընդգծեց. «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքն ունենալ

համավարակի առնչությամբ։ Կան մարդիկ, ովքեր չեն հավատում, մարդիկ կան, ովքեր հավատում են, բայց անկախ որոշակի կարծիք ունենալուց, կարծում եմ, լավ կլինի, այնուամենայնիվ, հետևել պատկան մարմինների ցուցումներին ու պահպանել սեփական և դիմացինի առողջությունը»,- եզրափակեց Նորայր Շողիկյանը:

Back to top button
Close