Նորություններ

Եթե պետք լինի, ՀԱՊԿ-ը լիովին կօգտագործի իր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում․ Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներում արդեն իսկ գործում են շտապօգնության մեխանիզմներ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր ռեսուրսներն ամբողջ թափով կուղղի  կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, սակայն այս պահին դրա անհրաժեշտությունը  չկա։

«Համավարակը շատ լուրջ սպառնալիք է մեր երկրների համար: Երբ այս ամենը սկսվեց, ես զրույց ունեցա Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի հետ: Եկանք համաձայնության․եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական կազմակերպություն, լիովին կօգտագործի իր ռեսուրսները համաճարակի դեմ պայքարի համար: Այս պահին դեռ դրա կարիքը չկա»,-ասել է Զասը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներում իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում կգործի կոնկրետ միջոցառումների համակարգ։

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում կօգտագործվեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հնարավորությունները, որոնք սերտ կհամագործակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների և գերատեսչությունների հետ, կիրականացվի ամենօրյա մոնիտորինգ `կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ։

Հարցին, թե ի՞նչ օգնություն են միմյանց ցուցաբերել ՀԱՊԿ-ի անդամ երկրները համաճարակի դեմ պայքարում, Զասը նշել է, որ արդեն ստեղծվել են «շտապ օգնություն» մեխանիզմներ։

«Մենք պատրաստ ենք դրան, մենք գիտենք պատկերը մեր բոլոր անդամ երկրներում, ամեն օր տվյալները թարմացնում ենք: ՀԱՊԿ շրջանակներում կան համապատասխան օգնություն ցուցաբերելու մեխանիզմներ, երբ մեզ կդիմեն: Կա տարբերակ ՝ երկկողմանի հիմունքներով, երբ պետությունը օգնություն է խնդրում ՀԱՊԿ անդամ պետությունից և անմիջապես ստանում է այն:

Կա տարբերակ, երբ ՀԱՊԿ մի քանի պետություններ աջակցում են կազմակերպության մեկ այլ անդամին՝ համախմբված ձևով: Երկրորդ տարբերակը դեռ պետք չի եկել: Օժանդակությունն իրականացվել է երկրների երկկողմ շփումների միջոցով»,-ասել է նա:

Զասը նաև հայտնել է, որ նոր իրողությունները, որոնք այժմ զարգանում են համաճարակի պատճառով, քննարկվելու են ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում, որը նախանշված է մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են  Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

armeniasputnik.am

Back to top button
Close