Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Թքի միջոցով քանի մասնիկ կարող է արտազատել մարդը զրույցի ընթացքում և որքան ժամանակ են դրանք մնում օդում. գիտական նոր ուսումնասիրություն

Թքի մասնիկները, որոնք մարդն արձակում է զրույցի ընթացքում, կարող են փակ տարածությունում օդում մնալ 8-14 րոպե: Այսպիսով, բարձրաձայն խոսակցության յուրաքանչյուր րոպեի ընթացքում COVID-19-ով հիվանդը կարող է մինչև 1000 կաթիլ նոր տիպի կորոնավիրուսի մասնիկ արձակել: Ուսումնասիրությունը հրապարակել է Proceedings of the National Academy of Sciences գիտական ​​հանդեսը:

Կորոնավիրուսային վարակի համաճարակի բռնկման գրեթե առաջին իսկ օրվանից գիտնականները կարծիք հայտնեցին, որ վիրուսը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, կարևոր է հասկանալ, թե ինչպես է տարածվում SARS-CoV-2-ը՝ միայն հազի դեպքու՞մ, թե՞ նորմալ շնչառության եւ զրույցի ժամանակ էլ կարող է փոխանցվել վիրուսը:

Ավելի վաղ ամերիկացի գիտնականներն արդեն իսկ պարզել էին, որ SARS-CoV-2-ի փոքր մասնիկները կարող են տարածվել նույնիսկ զրուցների ժամանակ, թեկուզ շատ ավելի փոքր ծավալով, քան փռշտոցի կամ հազի դեպքում: Նրանց գործընկերները՝ Ֆիլիպ Անֆինրուդի գլխավորությամբ, որոշեցին ավելի շատ մանրամասներ պարզել, մասնավորապես, թե մարդը քանի կաթիլ թուք կարող է արտազատել զրույցի ընթացքում և որքան ժամանակ են դրանք մնում օդում:

Դրա համար գիտնականները ստեղծեցին հատուկ սարքավորում` հատուկ տուփով, լազերով, օդափոխիչով և սմարթֆոնով՝ նկարահանող տեսախցիկով: Կամավորի հետ փորձարկումն իրականացնելուց եւ տեսանկարահանումը վերլուծելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ թքի կաթիլները մնում են փակ տարածության մեջ 8-ից 14 րոպե, միջինը ՝ 12 րոպե:

Հաշվի առնելով, որ այժմ հայտնի են այն տվյալները, թե որքան վիրուսային մասնիկներ է պարունակում թուքը, բարձրաձայն զրույցի ընթացքում կորոնավիրուսով հիվանդ  յուրաքանչյուր մարդ 1 րոպեում կարող է արտանետել շուրջ հազար վիրուսային մասնիկ:

Եթե ​​այլ ուսումնասիրություններով եւս հաստատվի զրույցի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու վտանգը, աշխատանքի արդյունքները կարող են առաջարկությունների հիմք հանդիսանալ տարբեր երկրների իշխանությունների համար, եզրակացնում են գիտնականները:

Մասնավորապես, հնարավոր է, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար ամբողջ բնակչությանն իսկապես անհրաժեշտ լինի բժշկական դիմակներ կրել:

Աղբյուր՝ pnas.org

Back to top button
Close