ՆորություններՔո ձայնը

Ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը գործի քննությունից առաջ իմանալ՝ գործում հանցակազմ կա՞, թե՞ չկա. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցցանցի իր էջում գրել է.

Պարտքս եմ համարում բոլոր հետաքրքրվածներին տեղեկացնել, որ երեկ ինձ զանգել է Մարդու իրավունքների պաշտպան պարոն Թաթոյանը և հետաքրքրվել, թե իմ պատկերացմամբ ինչպես կարող է ինքը միջամտել կամ ազդել վերջին օրերին իմ ընտանիքի և պարոն Հարություն Մարությանի շուրջ կատարվող տարատեսակ զրպարտանքների խնդիրներին և մասնավորապես իմ, պարոն Մարությանի ու նրա դուստր Արփենիկ Մարությանի ստացած սպառնալիքների հարցերին: Ես շնորհակալություն եմ հայտնել և իմ կարծիքն արտահայտել, որ իր միջամտության ձևը չեմ տեսնում, քանի որ սրանք պետական մարմինների հետ առնչվող երևույթներ չեն: Պարոն Թաթոյանը ինձ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը այդտեղ հանցակազմ չի տեսնում: Այսօր ինձ զանգեցին ոստիկանությունից և վաղվա համար հրավիրեցին զրույցի՝ ասելով, որ նյութեր են հավաքվում մեր դիմումի կապակցությամբ:

Հիմա նոր սկսում եմ մտածել, որ եթե գլխավոր դատախազը առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն), արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչու՞ է ուղարկել «քննության»: Կամ, գուցե, ինքը նախապես ինչ-որ նյութերի ծանոթ է, որը նրան հիմք է տալիս հանցակազմ չտեսնել, և այդ դեպքում արդյո՞ք դրանք նույնպես ուղարկել է քննիչին: Մի խոսքով, քանի որ վատ եմ պատկերացնում «գործի քննություն» երևույթը, ընթացակարգը, գուցե և սխալ ուղղությամբ եմ մտածում: Բայց վերջ ի վերջո վաղը մայիսի 13-ն է, ինձ ու Մարությաններին սպառնացողների ուլտիմատիվ ժամկետի վերջին օրը, չգիտեմ վաղն ինչ ջղաձգումներ կլինեն, բայց վաղվա «քննության» մասին մտածելիս տրամադրությունս ընկնում է:

Իրավունքի կիրառական կողմը հասկացող իմ ֆեյսբուքյան ընկերներին հարց ունեմ՝ ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը գործի քննությունից առաջ իմանալ՝ գործում հանցակազմ կա՞, թե՞ չկա: Եվ արդյոք այդ «նախնական իմացությունը» չի ուղղորդում և սրբագրում քննության ընթացքն ու արդյունքը:

Back to top button
Close