Նորություններ

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակած անձի ինքնությունը հայտնի չէ. գործի վարույթը կասեցվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակված գնդակ հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ։

Նշենք, որ գործի վարույթը կասեցվել է համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 21-ին՝ ժամը 18։15-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նկատել է, որ դատարանի երկրորդ հարկի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, ապակիների արանքում առկա է կրակված գնդակ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հրազեն պահելու կամ կրելու համար։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություն։

Նշենք, որ Տաթեւիկ Գրիգորյանն այն դատավորն է, որը քննել է Ժիրայր Սեֆիլյանի գործը ու նրան մեղավոր ճանաչել զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ժ.Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրել առ այն, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայոց Ցեղասպանության օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ առաջին ատյանի դատարանը 2018 թվականի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներում։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button