Նորություններ

«Միքայել Մինասյանը մոռանում է, թե ինչ էր անում 2007-ին». Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չներող հայրենասերը

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, իր երկրորդ խոհանոցային տեսաուղերձի շուրջ կեսը նվիրել է մորս` Հրանուշ Խառատյանին, «հիմնավորելով», թե ինքն ինչքան հայրենասեր է:

Խոհանոցային հայրենասերը միաժամանակ անդրադարձել է ինձ, անուղղակի նշելով, թե իբր ես ներել եմ թուրքերին, իսկ ինքը ոչ միայն չի ներել, այլև ջանք չի խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, դե իսկ ապրիլյան պատերազմի դափնիներ վերցնելու պակաս էլ չկա:

Ընկերներիս ու գործընկերներիս հորդորով մտածում էի չանդրադառնալ ասվածին, Մինասյանին չկարևորելու ու նրան գործոն չդարձնելու նպատակով, սակայն, կարծում եմ, որոշ հստակեցումների անհրաժեշտություն կա, ինչի համար հենվելու եմ բացառապես փաստերի վրա:

Փաստ #1, Wikileaks

Որպես հայրենասիրության բացառիկ օրինակ՝ Մինասյանը պատմում է Վատիկանում իր դեսպան եղած տարիներին Հռոմի Պապին Հայաստան բերելու, Սուրբ Աթոռի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրողությունը: Այն, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայերին ճանաչում ու Հայոց ցեղասպանության մասին գիտի իր ծննդավայր Արգենտինայից, այդ մասին խոսել էր դեռևս մինչև Պապ դառնալը, հայտնի փաստ է, սակայն սա քննարկման այլ թեմա է:

Ցեղասպանության ճանաչման հարցում իր բացառիկ ավանդով պարծեցող Միքայել Մինասյանը, կարծես մոռանում է, թե ինչ էր անում մինչ այդ` ասենք 2007-ին, երբ դեռևս վարչապետի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանի անունից հանդիպում էր ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգթոնի հետ: Այս հանդիպման ընթացքում, ըստ Փենինգթոնի, Մինասյանն ասել է բառացիորեն հետևյալը. «Սերժ Սարգսյանը պատրաստ է հաշտեցման քննարկումներ սկսել Թուրքիայի հետ, անգամ մինչև նախագահ դառնալը»: Ի դեպ, այս փաստաթղթում մի շարք այլ ուշագրավ դրվագներ կան Մինասյանի մասին: Դրանցից առավել հյութեղը թերևս այն է, որ ապագա դեսպանն ամերիկացի դիվանագետի մոտ գլուխ է գովում իր նոր` «iPhone» հեռախոսով, որը նա քաջաբար կարողացել է «unlock» անել Հայաստանում: Փաստաթղթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ` https://wikileaks.org/plusd/cables/07YEREVAN1359_a.html:

Հարկ է հիշեցնել նաև, որ եթե Մինասյանը, ինչպես ինքն է ասում, պատրաստ է ստանձնել 2008-2018-ի իշխանության վարած քաղաքականության պատասխանատվությունը, ապա լավ կանի բացատրի, թե այդ ինչպե՞ս չէր ներում թուրքին, երբ բանակցում էին հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, որտեղ Հայոց ցեղասպանության հարցը ո՛չ ավել, ո՛չ պակաս պատմաբանների հանձնաժողովին էր տրվում, պաշտոնապես շնորհավորում էին Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ, 2009-ին իր աներհայր Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում թուրքին «խիզախ գործընկեր» էր անվանում, դե իսկ Արարատ լեռը ՀՖՖ-ի տարբերանշանից Գյուլի այցին ընդառաջ հանելու փաստը ներել-չներելու իրավունքը թողնենք մեր ժողովրդի դատին:

Փաստ #2, ապրիլյան քառօրյան

Իր բացառիկ հայրենասիրության մասին պատմելիս, նախկին դեսպանը խոսում է 2016-ի ապրիլյան քառօրյայի ընթացքում միջազգային մամուլի միջոցներում հայկական դիրքերն աննախադեպ կերպով ներկայացնելու մասին: Ավելին` Մինասյանը պատմում է, որ հենց ինքն է հասել նրան, որ «CNN»-ի եթերում հնարավոր դարձավ Արցախի այն ժամանակվա արտգործնախարարի բացառիկ հարցազրույցը: Այս մասին մի ուշագրավ պատմություն պատմեմ:

Ապրիլյան էսկալացիայի օրերին Ստեփանակերտում էի լրագրողի կարգավիճակով, իմ լավ ընկեր, Շուշիի առանձնակի գումարտակի մարտիկ Ապրես Զոհրաբյանի հետ: Մինչ կամուֆլյաժ հագած Միքայել Մինասյանը «Արմենիա» հյուրանոցում համակարգում էր «Արմենիա TV»-ի լայվ շոուները, այժմ հետախուզման մեջ գտնվող կամ քրեական գործերով անցնող մի շարք հայտնի օլիգարխների հետ, ինձ առաջարկվեց գնալ սահման: Ստեփանակերտում միջազգային մամուլի հետ աշխատանքները համակարգում էր Սամվել Ֆարմանյանը, ով ինձ խնդրեց «BBC»-ի և իտալական «TF1»-ի լրագրողներին ուղեկցել Մատաղիս և Թալիշ, նաև թարգմանություն ապահովելու նպատակով: Ես հաճույքով համաձայնեցի: Իմ մեքենայում տեղավորվեցին իտալացիները, մինչդեռ Վրաստանից Արցախ եկած «BBC»-ի և «Al Jazeera»-ի լրագրողները, որոնք, ի դեպ ամուսիններ են ու իմ լավ բարեկամները, մեզ հետևեցին իրենց հատուկ մեքենայով:

Ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ գնացինք, տեսանք թե ինչ է եղել տեղում, խոսեցինք գրադի ու կրակոցների տակ մնացած թալիշցիների ու մատաղիսցիների հետ, նկարեցինք, թարգմանեցինք ու վերադարձանք Ստեփանակերտ, որտեղ նույն «Արմենիա» հյուրանոցում առանց չափազանցության «Пир во время чумы» էր: Գիշերը, երբ իմ գործընկերներ Թաթուլ Հակոբյանի և Էդիկ Բաղդասարյանի հետ հյուրանոցի սրճարանում քննարկում էինք հավաքվածն ու առաջիկա անելիքները, հրապարակում մի քանի ջիպեր հայտնվեցին:

Քիչ անց տեսանք այժմ հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին իր թիկնազորով, որ շտապել էր Արցախ մյուս օլիգարխ պաշտոնյաների նման մեղքերի թողություն ստանալու: Բանն այն է, որ դրա հենց նախորդ օրը «Հետք»-ը հրապարակել էր Պողոսյանի կապը Պանամայի հայտնի օֆշորային սկանդալի հետ: Թաթուլն ու ես նայեցինք Էդիկին ու մտածում էինք` հիմա սա ի՞նչ է անելու: Բարեբախտաբար, թե դժբախտաբար պատերազմ էր, Միհրանն էլ իր շքախմբի հետ մեզ չնկատելու տալով միացավ իր ընկերներին կոնյակի շուրջ:

Տեքստը շատ չերկարացնելու համար մի քանի այլ փաստեր դեռևս չեմ նշի, մասնավորապես այն մասին, թե ինչպես էր Մինասյանը կրկին ամերիկացիների հետ հանդիպումներում մարտի 1 հիմնավորում, ում վրա էր դնում դրա պատասխանատվությունը, ինչ էր պատմում Հայաստանի ռազմավարական գործընկերներից և այլն: Հուսով եմ, որ հետախուզման մեջ գտնվող խոհանոցային հայրենասերը շուտով կրկին մոնտաժված «ուղերձ» կունենա և կբացատրի իր չներող էության մանրամասները, դե իսկ տևական ժամանակ Մինասյանին վերագրվող բիզնեսների մասով վստահ եմ՝ առաջիկայում նոր բացահայտումների պակաս չի լինելու, բայց ինչպես ասում են` «всему свое время»…»:

Back to top button