Նորություններ

Ոստիկանություն, ԱԱԾ և այլն, իրենց նպատակին ծառայելու փոխարեն, ցավոք, ծառայում են առանձին մարդկանց կամ առանձին խմբերի շահերին.Վ. Հարությունյան

«Գաղտնիք չէ, որ ողջ իրավական համակարգը՝ ուժային կառույցները, արդարադատությունը, հետհեղափոխական շրջանում փոփոխության չեն ենթարկվել։ Խոսքը և՛ կադրային, և՛ կառուցվածքային փոփոխությունների մասին է։ Հին կադրերը աշխատում են հին համակարգերում, հին փոխհարաբերություններով և հին չափորոշիչներով։ Այլ բան սպասել հին համակարգերից ու հին կադրերից չէր էլ կարելի։ Այս համակարգերը վստահություն երբեք չեն ներշնչել և մինչև հեղափոխական փոփոխությունների չենթարկվեն, չեն էլ ներշնչելու։

Արդարացված է, երբ խոսում ենք հետհեղափոխական շրջանի դանդաղկոտության կամ, որ ավելի ճիշտ է, հետհեղափոխական շրջանում հեղափոխական փոփոխություններ իրականացնող քայլերի բացակայության մասին։ Վարչապետն ուներ և ունի բոլոր լծակները նման փոփոխություններ կատարելու համար։ Ավելին, մարդիկ նրանից հենց սա են սպասում։ Վաղուց խոսքից գործի անցնելու ժամանակն է»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, որոնք ուղղված էին դատաիրավական համակարգին, նրա խոսքերով՝ դավաճաններին և կոռուպցիոն նվիրյալներին։

Ըստ Վարդան Հարությունյանի՝ շատ հարցեր կան, որոնց սպառիչ պատասխանը դեռևս չի տրվել: «Հարցերը շատ են. օրինակ, ինչո՞ւ մինչև հիմա չունենք նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ չեն կարողանում լուծել Սահմանադրական դատարանի խնդիրը։ Ո՞ւր կորավ վեթթինգը։ Ինչո՞ւ ենք հեղափոխությունից երկու տարի անց միայն սկսում խոսել ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային փոփոխությունների մասին։ Ե՞րբ է նախատեսվում դրանք ավարտին հասցնել։ Ինչո՞ւ բոլոր քաղաքական բանտարկյալները դեռ արդարացված չեն, ինչո՞ւ է այսքան դանդաղ ընթանում այս գործընթացը, և դեռ ինչքան պետք է սպասեն մարդիկ իրենց արդարացմանը։ Հարցերն իրոք շատ են, իսկ ժամանակը՝ սուղ»,- նշեց իրավապաշտպանը։

Օրեր առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին, ով անցնում էր քրեական գործով, կարողացավ ոստիկանների աչքի առջևից անհետանալ, ո՞րն է իրավապահ մարմինների նման կոպիտ թերացման պատճառը: Հարցին Հարությունյանն արձագանքեց. «Եթե սա առաջին դեպքը լիներ, ապա հնարավոր էր խոսել բացթողումների կամ վրիպումների մասին։ Բայց, դատելով նման դեպքերի հաճախականությունից, կարելի է արդեն ենթադրել, որ նշված համակարգերը՝ ոստիկանություն, ԱԱԾ և այլն, իրենց նպատակին ծառայելու փոխարեն, ցավոք, ծառայում են առանձին մարդկանց կամ առանձին խմբերի շահերին»:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, հետախուզման մեջ է։ Չնայած դատարանի կալանքի որոշմանը՝ Խաչատրյանի որդին կարողացավ թաքնվել՝ հայտարարելով, որ իր թաքնվելն ունի հիմնավորում, քանի որ իր նկատմամբ անօրինական և ուղղորդված գործողություններ են կատարվել, և որ ինքը չի պատրաստվում կալանավոր դառնալ։

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close