ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Հիմա Հայաստանն այնպիսի քաղաքական միջավայր է ձևավորել, որ Ադրբեջանը պարզապես ստիպված է գնալ այդ շփումներին». Հակոբ Բադալյան

«Խոսքը լուսին թռչելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ. սա հայկական կողմի դիրքորոշումն է, հետևաբար մենք ձևակերպում ենք մեր այդ դիրքորոշումը որպես խնդիր և ներկայացնում ենք իր փաստարկներով»,— ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նշեց քաղաքագետ Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսին, որտեղ Փաշինյանը նորից անդրադառնում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցին՝ շեշտելով, որ դա ոչ թե նոր ձևաչափի ստեղծում է, այլև ձևաչափի վերականգնում:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունն արցախյան հակամարտության հարցի հետ կապված հանդիպելու նախկին 3 նախագահների հետ և հարցեր ուղղելու անհրաժեշտության դեպքում դրական է, քանի որ Արցախի խնդիրը պետականության առանցքային հարցերից է:

«Եթե տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը կա, ես կարծում եմ՝ որևէ մեկը պետք է չառաջնորդվի անձնական մոտեցումներով կամ քաղաքական հայացքներով: Այդ կոմունիկացիան պետք է լինի անհրաժեշտության դեպքում»:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ երկու երկրների ղեկավարների մոտ ապագայում սպասվող հանդիպումների փաստն ինքնին ամենևին վատ չէ և նույնիսկ լավ է, եթե կա որոշակի շփման միջավայր: Ամենից էականն էլ այդ հանդիպումների մեջ այն է, թե ինչի շուրջ են այդ զրույցները:

«Հիմա Հայաստանն այնպիսի քաղաքական միջավայր է ձևավորել, որ Ադրբեջանը, ես կարծում եմ, պարզապես ստիպված է գնալ այդ շփումներին»,- հավելեց քաղաքագետը:

Back to top button