Նորություններ

«Չէր կարելի նստել, սպասել, որ համակարգն ինքն իրեն կինքնամաքրվի». Գ. Միսկարյան

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, իշխանություն-ընդդիմություն անհաշտության, դատաիրավական համակարգի անկատարության և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանի հետ։

-Պարոն Միսկարյան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ դատաիրավական և իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ և դավաճաններ: Փաշինյանը մերօրյա դատական համակարգը Սոդոմ-Գոմորի հետ համեմատեց։ Ի՞նչ նկատի ուներ վարչապետը, և ինչո՞ւ դատաիրավական համակարգի նկատմամբ հետհեղափոխական Հայաստանում ևս չկա վստահություն։

-Գաղտնիք չէ, որ իրավական ու դատական համակարգում ոչինչ չի փոխվել։ Տպավորություն է, որ պարոն Փաշինյանը սպասում էր, թե հեղափոխություն հայտարարելուց հետո դատարաններն ու իրավապահները ինքնաբերաբար փոխվելու են, և հիմա՝ հեղափոխությունից երկու տարի անց, նա դժգոհում է չգիտես թե ումից, չգիտես թե ինչի համար, որ դատաիրավական համակարգը չի փոխվել։ Հեղափոխական օրակարգից մեկը վերաբերում էր դատական համակարգին, դատական համակարգում կատարվելիք փոփոխություններին՝ անցումային արդարադատության, վեթթինգի և լյուստրացիայի միջոցով։

Եվ հիմա, ոչինչ չանելով, սրտնեղել, թե դատաիրավական համակարգը Սոդոմ-Գոմոր է, զավեշտալի է։ Կասեմ ավելին, Հայաստանում դատաիրավական համակարգը հիմա ավելի վատ վիճակում է, քան նախահեղափոխական Հայաստանում, և դրա պատասխանատուն կառավարող քաղաքական ուժն է։

-Ինչո՞ւ համակարգը չի մաքրվում վարչապետի ասած կոռուպցիոն նվիրյալներից, ինչո՞վ են պայմանավորված իշխանության կողմից հապաղումները։ Ինչո՞ւ քայլեր չեն արվում, որպեսզի թայֆայական կոռումպացված համակարգերը ոչնչանան։

-Համակարգը ինքնաբերաբար չի կարող մաքրվել։ Ավելին, պարզ ճշմարտություն է, որ համակարգն ամեն կերպ պայքարելու է այդ «մաքրվելու» դեմ։ Ամեն կերպ խոչընդոտելու է փոփոխություններին։ Բայց դրա գիտակցումը պիտի ի սկզբանե լիներ, որը ցավոք չկար։ Չէր կարելի նստել, սպասել, որ համակարգն ինքն իրեն կինքնամաքրվի։ Պետք էր ձեռնարկել համապարփակ և համակողմանի ռեֆորմների շարք, որոնք ժամանակի ընթացքում կբերեին ցանկալի արդյունքի։

-Օրեր առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարություններ արեց, խոսեց Փաշինյանի կողմից Արթուր Վանեցյանի միջոցով առաջարկված գործարքի մասին, իսկ երեկ էլ Մինասյանի հայտարարությունների հիման վրա ԱԱԾ նախկին պետը ՀՔԾ-ում հարցաքննվում էր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Միքայել Մինասյանի հայտարարությունները, Ձեր կարծիքով՝ դրանք իրականությանը համապատասխանո՞ւմ են։

-Իրական են այդ խոսակցությունները, թե ոչ, դժվար է ասել։ Ցավոք, Մինասյանը պատրաստ չէ գալ և իրավապահների առաջ ցուցմունք տալ։ Նա հիմա խուսափում է պատասխանատվությունից։ Հայտնի է նայև այն, որ, այսպես կոչված, ռևանշիստական ուժերը պատրաստ են ամեն սադրանքի՝ խարխլելու համար ներկա քաղաքական հավասարակշռությունը։

Այդ մարդիկ սովոր են պղտոր ջրում ձուկ բռնելուն, և ես չեմ բացառում, որ այդ ամենը որքանով որ հնարավոր է՝ մասնակի համապատասխանել է իրականությանը, այդքան էլ հնարավոր է, որ կարևոր մասերը (օրինակ, որ վարչապետը տեղյակ է եղել Վանեցյանի կողմից արված առաջարկին) հորինված լինեն։

-Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն են այսօր Հայաստանից հեռու, շատ առանցքային մեղադրյալներ հասցրել են երկրից հեռանալ: Ինչո՞ւ մինչ օրս իշխանությունը համոզիչ պատասխան չի տվել՝ ինչու են նրանք ազատության մեջ։

-Այո, նույն հեղափոխության տրամաբանության մեջ էր նաև բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, որը տեղի չունեցավ։ Անհասկանալի կերպով քաղաքականությամբ զբաղվող որոշ բիզնեսմեններ (օլիգարխներ) սկսեցին քրեական հետապնդման ենթարկվել, իսկ որոշները հաջողությամբ մտան Ազգային ժողով և օլիգարխից վերածվեցին «խոշոր սեփականատերի»։

Դա, կարծում եմ, արդարության այն պատկերացումներին, որը մարդիկ ունեին հեղափոխության օրերին, այնքան էլ չի համապատասխանում։ Մյուս կողմից էլ, եթե չկա արդար իրավական և դատական համակարգ, այդ մարդկանց էլ մեղադրել պետք չէ, որ փորձում են խուսափել պատասխանատվությունից։ Կարծում եմ՝ մեզ շտապ պետք են դատաիրավական համակարգի բարեփոխումներ։

-Մի քանի օր առաջ էլ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ով անցնում էր քրեական գործով, հաջողվեց թաքնվել։ Այստեղ իրավապահ համակարգն ունի՞ արդյոք բացթողում։

-Իհարկե՝ ունի։ Այս ամենը սերտորեն փոխկապակցված է, և դժվար է ասել, որ այն բոլոր մեղադրյալները, որոնք հեղափոխությունից հետո խուսափում են պատասխանատվությունից, առանց իրավապահների միջամտության են կարողացել լքել Հայաստանը կամ թաքնվել Հայաստանում։

-Արտակարգ դրությունից 60-65 օր հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենա։ Արդյո՞ք դա ենթադրում է, որ հանրաքվեի ողջ գործընթացը պետք է սկսվի սկզբից։

-Դժվար է հիմա ասել, թե երբ կլինի արտակարգ դրության ավարտը։ Ես կարծում եմ՝ այն դեռևս կշարունակվի։ Շատ էական կլինի ավարտից հետո այն հանգամանքը, թե մենք ինչպիսի կորուստներով դուրս կգանք կորոնավիրուսային այս վիճակից։ Այդ բոլոր հարցերին պատասխան  ունենալու դեպքում միայն կարելի է ինչ-որ կանխատեսումներ անել։

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button