«Բա եթե երկրի վարչապետն էլ է դժգոհ բռնության գոյությունից, մեր հանրությունն ումի՞ց ինչ ակնկալի». Նորայր Նորիկյան

Եթե Հայաստանի խորհրդարանում լիներ քաղաքական օրակարգ, լիներ այն հարթակը, որտեղ գեներացվում են գաղափարներ, և տեղի ունենային բանավեճեր՝ Հայաստանի ապագային առնչվող, այսօր նման իրադարձությունների ականատես չէինք լինի: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը որակելով խայտառակություն:
«Ուզում եմ մի բան արձանագրել՝ այս Ազգային ժողովը նախորդներից առանձնանում է իր լեգիտիմությամբ: Մեր ժողովուրդն է ընտրել այս Ազգային ժողովին: Սա նշանակում է, որ մենք ավելի խորքային խնդրի հետ գործ ունենք: Մենք գործ ունենք մեր հավաքական վարքապահության հետ, մեր հավաքական մտածողության հետ, պետական ինստիտուտների նկատմամբ ունեցած մեր պատկերացումների և հարգանքի հետ»,- ասում է Նորիկյանը:
Փաստաբանի խոսքերով՝ քաղաքական մեծամասնությունը պարտավոր է դրսևորել զուսպ, հավասարակշիռ վարքագիծ: Պետք է հանդուրժողական լինի՝ այլակարծության նկատմամբ:
«Ես շատ ցավում եմ, որ ՀՀ այս խորհրդարանում 2018 թվականի համաժողովրդական շարժումից հետո կան մարդիկ և կան ընկալումներ, որ հնարավոր է բռունցքի միջոցով հարց լուծել»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած ամփոփիչ ելույթին, երբ նշվեց, որ իշխանությունն ամեն օր ենթարկվում է բռնության, Նորայր Նորիկյանն ասաց.
«Բա դուք էլ իշխանություն եք հենց նրա համար, որ երկրում վերացնեք որևէ բռնություն: Բա դուք ունեք բոլոր օրինական, լեգիտիմ միջոցները՝ գործադրելու այն բոլոր լծակները՝ երկրում այդ բռնության գործողությունները կամ ենթադրյալ քայլերը վերացնելու համար»:
Փաստաբանը հարցադրում է՝ եթե երկրի վարչապետն էլ է դժգոհ բռնության գոյությունից, մեր հանրությունն ումի՞ց ինչ ակնկալի: