ԱՌԱՆՑՔՈՒՄ

Նազարբաևը երկրի ղեկավարման ղեկը կպահի իր ձեռքում մինչև 2020 թվականը

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականին, ընդգծեց՝ Նազարբաևը սկսել է իշխանության խաղաղ փոխանցման գործընթաց.

«Նա հասկանում է, որ առողջական խնդիրներ ունի և երկար չի կարող պաշտոնավարել: Բացի այդ, որոշ վերլուծաբաններ նշում են, որ հնարավոր էր նրա մահից հետո իշխանական տարբեր թևերում լուրջ կռիվներ սկսվեն, և դա է պատճառը, որ նա սկսել է իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Նազարբաևը երկրի ղեկավարման ղեկը կպահի իր ձեռքում մինչև 2020 թվականը, որպես անվտանգության խորհրդի նախագահ, իշխող կուսակցության ղեկավար:

Վարդանյանի կարծիքով Նազարբաևի գործողություններում Հայաստանի նախկին իշխանության գործելակերպին որոշակի նմանություններ կան.

«Դրա մասին կարելի է խոսել 2020 թվականին, երբ պարզ կլինի՝ վերջնականապես թոշակի է գնում, թե շարունակելու է իշխանական լծակները պահել իր մոտ: Նա անցումային կառավարություն է ձևավորել: Իսկ 2020-ից հետո իր լիազորությունները կհանձնի իր իրավահաջորդին: Դրանից հետո նա ինչ կարգավիճակում կմնա՝ դեռ պարզ չէ: Հնարավոր է՝ շարունակելու է ստվերային կառավարում իրականացնել երկրում»:

Բանախոսի դիտարկմամբ՝ Նազարբաևը հասկանում էր, որ ժամանակն է իշխանությունը փոխանցելու: Նա արեց այնպես, որ երկիրը չընկնի ցնցումների մեջ:

Անդրադառնալով հայ-ղազախական հարաբերություններին՝ Վարդանյանն ընդգծեց.

«Չի կարելի ասել, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները լավ են եղել: Նա Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում ավելի շատ պաշտպանում էր Ադրբեջանի շահերը: Պետք է հիշել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Այն ժամանակ պետք է տեղի ունենար ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, և Նազարբաևը հիվանդության պատրվակով հրաժարվեց գալ Հայաստան, այնինչ նույն օրը նա հրապարակավ մեկ այլ վայրում պաշտոնական հանդիպում կազմակերպեց: Նա նաև հայտնի է հայ-ադրբեջանական հարաբերությունների միջնորդական առաքելությամբ»:

Back to top button