Նորություններ

«Մենք՝ հայերս, չենք սիրում կարգուկանոնին հարմարվելը և ընդունում ենք, որ դա ենթարկվելու նշան է և ոչ համաձայնության»

«Ինչպես արձակուրդներից հետո, այնպես էլ արտակարգ դրության ավարտից հետո դժվար է լինելու վերադառնալ աշխատանքի, քանի որ նոր իրավիճակ է, և նոր իրավիճակին պետք է հարմարվել։ Պետք է հարմարվողականություն դրսևորվի, նոր իրադրություններին հարմարվելը կախված է անհատի առանձնահատկություններից և պատկերացումներից։ Ստեղծված իրավիճակը պետք է ընկալել որպես հնարավորություն։

Որոշակի ժամանակ մարդիկ տանն են գտնվել, և վստահ եմ, որ այդ ընթացքում վերլուծություն են արել իրենց կյանքի, անցյալի և ներկայի հետ կապված և հաստատ որոշակի մտքեր կունենան ապագայի հետ կապված, այսինքն՝ ներկայում գործողություններ կատարելով՝ ապահովել իրենց առջև դրված խնդիրները»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց «ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը՝ անդրադառնալով արտակարգ դրությունից հետո բնականոն կյանքին մարդկանց հնարավորինս արագ վերադարձի խնդրին։

Ըստ հոգեբանի՝ արդեն ժամանակն է, որպեսզի մարդիկ նոր նպատակներ կազմեն և այդ բոլոր նպատակները կետ առ կետ վերարտադրեն և իրականացնեն։

«Բնականաբար, նոր իրավիճակի հարմարմանը կարող է խանգարել նաև այն հանգամանքը, որ, այսպես ասած, վիրուսը դրսում թափառում է, և մարդիկ խուսափում են հարմարվողականություն դրսևորելուց, բայց շատ կարևոր է, որպեսզի մարդն իր առջև դնի հետևյալ խնդիրը, որ ոչ թե ինձ արգելել են օրենքով, այլ ես ինքս ինձ համար ընդունում եմ կանոններ, որոնք ապահովում են իմ առողջության պահպանումը և դիմացինի առողջության պահպանումը»,- ասում է հոգեբանը։

Ըստ նրա՝ հարմարվողականության բարձրացման համար հարկավոր է դնել նոր նպատակներ, և մարդն իր համար ընդունի կանոններ։

Հոգեբանը նշում է, որ ճգնաժամային իրավիճակում արգելքները սահմանված են օրենքով, որովհետև հասարակությանը խնդիր է սպառնում, ընդունվում են օրենքներ, որոնք մարդիկ պահպանելով՝ հաղթահարում են խնդիրը։ Սակայն արգելքն առաջացնում է դիմադրություն, բոյկոտ:

«Մարդն իր էներգետիկ ուժերն օգտագործում է ոչ թե հարմարվողականություն ձեռք բերելու վրա, այլ կրկնակի էներգիա է ծախսում, որպեսզի դիմադրի, բողոքի և պնդի, որ դա իր իրավունքները սահմանափակում է։ Մենք՝ հայերս, չենք սիրում կարգուկանոնին հարմարվելը և ընդունում ենք, որ դա ենթարկվելու նշան է և ոչ համաձայնության»,- եզրափակեց Անի Ապիտոնյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close