ՆորություններՍպորտ

Շախմատի Ազգերի գավաթ․ Լևոն Արոնյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ արագ շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում:

Այսօր կայացած 4-րդ տուրում Եվրոպայի հավաքականը, որի երկրորդ համարը մեր գրոսմայստերն է, հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ:

Լևոն Արոնյանը սևերով մրցեց ազգությամբ կուբացի Լեյնիեր Դոմինգեսի հետ: Մեր հայրենակիցը վստահ սկսեց հանդիպումը, իսկ վերջում անչափ գեղեցիկ գրոհ ձեռնարկեց և մատի սպառնալիքի տակ 48-րդ քայլում մրցակցին ստիպեց հանձնվել:

Եվրոպայի հավաքականից հաղթանակ տարավ նաև Վրաստանի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, իսկ մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Ի վերջո գրանցվեց 3:1 հաշիվ: Եվրոպայի ընտրանին վաստակեց 5 միավոր և հավասարվեց հենց ԱՄՆ-ի ազգային թիմին:

Աղյուսակը 7 միավորով գլխավորում է Չինաստանի հավաքականը, որն այս տուրում 3:1 հաշվով առավելության հասավ աշխարհի հավաքականի նկատմամբ: Անհատական հաշվարկով Լևոն Արոնյանը, որը 4 հնարավորից վաստակել է 2,5 միավոր, զիջում է միայն չինացի Յանժի Յուին, որը կես միավոր ավելին ունի:

Վաղը կկայանան 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները: Եվրոպայի հավաքականը նախ կմրցի աշխարհի, ապա Ռուսաստանի հավաքականի հետ:

Back to top button