Նորություններ

«Ու՞ր էին այդ արժեքները, երբ մասնակից էին դառնում մասսայական թալանին». Սոֆյա Հովսեփյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, հետախուզման մեջ է։ Չնայած դատարանի կալանքի որոշմանը՝ Խաչատրյանի որդին կարողացավ թաքնվել՝ հայտարարելով, որ իր թաքնվելն ունի հիմնավորում, քանի որ իր նկատմամբ անօրինական և ուղղորդված գործողություններ են կատարվել, և որ ինքը չի պատրաստվում կալանավոր դառնալ։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և այլ թեմաների վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։

«ԱԱԾ և իրավապահ մարմինները, կարծում եմ, քայլեր կձեռնարկեն Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու համար։ Նրա նկատմամբ համապատասխան իրավական որոշում կկայացվի։ Մարդիկ քննադատում են իրավապահ համակարգին, որ Գագիկ Խաչատրյանի որդուն հաջողվեց թաքնվել. միևնույնն է, Գուրգեն Խաչատրյանը չի կարող երկար թաքնված մնալ»,- նման կարծիք հայտնեց իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գուրգեն Խաչատրյանի թաքնվելուն և անհետանալը հիմնավորող հայտարարություններին։

Նախկին իշխանությունների ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց այս շրջանում հրապարակային առանձնակի ակտիվությունը, նրանց կողմից արված հայտարարությունները Հովսեփյանի համար սպասելի էին։ Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ շատ տրամաբանական է նման ակտիվությունը, քանի որ հաստատվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։

Իմքայլական պատգամավորը, անդրադառնալով օրեր առաջ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարություններին, ընդգծեց. «Կառավարությունը շատ ճիշտ դիրքորոշում ունի, այդ հայտարարությունները ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում, ո՛չ էլ անդրադառնում է։ Նախ եկեք մեզ հարցնենք՝ ո՞վ է խոսել, ինչո՞ւ էր նա լուռ. իրեն իբրև արժեքներ կրող անձ ներկայացրած Միքայել Մինասյանը. ո՞ւր էին այդ արժեքները, երբ մասնակից էր դառնում մասսայական թալանին։ Ես կարծում եմ, որ նա ինչ հայտարարեց, բացարձակ աղերս չունի ճշմարտության հետ։ Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, այդ հայտարարություններին իրավապահ մարմիններն էլ կտան գնահատական»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։

 

Back to top button
Close