ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Հարյուր հազարավոր մարդկանց ունեցվածք է խլվել, հետույքներին քացով խփելով վռնդել են Հայաստանից. հիմա ու՞մ են ինդուլգենցիա շնորհում»

Ինչո՞ւ են իշխանությունները առանց հանրության հետ քննարկելու փրկագին նշանակել

«UCOM» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ, երբ դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց, Գ. Խաչատրյանը հայտարարությամբ հանդես եկավ, թե նպատակահարմար չի համարում կալանավորի կարգավիճակ ձեռք բերել:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին՝ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը նշեց.

«Ես չգիտեմ, թե այդ պրոցեսները ինչպես են կատարվում, բայց ես կարող եմ ասել դրանց արդյունքի մասին: Դա պետության և իրավապահ մարմինների, այսինքն՝ պետության պարտադրման ինստիտուտների արժեզրկման, պրեստիժի անկման է բերում… Գավառում ինչ կատարվեց, ինչ տեղի է ունենում մեր փողոցներում, հանցավորության բարձրացումը, արդեն բռնություն է կիրառվում ոստիկանների հանդեպ, կենցաղային բռնություն և այլն, և այլն… Այս ամենը ես առաջին հերթին կապում եմ պետության պրեստիժի անկման հետ: Եվ սա հերթական քայլն է, որը նպաստում է այդ անկմանը, այսինքն՝ նպաստում է անիրավությանը, քաոսի, բռնության աճին: Պետք է քննություն արվի, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է մենք, եթե անեինք այդպիսի քննություն, պարզեինք, որ բոլոր դեպքերում մի սցենար է աշխատել մարդկանց՝ Հայաստանից դուրս գալուն: Ինձ միայն կհետաքրքրեր՝ մարդիկ, ովքեր դրան նպաստում են, անձամբ շահագրգռվա՞ծ են նյութական կամ ինչ-որ այլ շահագրգռվածությամբ, թե՞ սա պետական քաղաքականություն է արդեն դարձել, երբ մարդուն մեղադրանք է առաջադրվում, և հետո հնարավորություն է տրվում ճողոպրել»,- նշում է Արմեն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե Վանեցյանն իր հետ հանդիպել է Հռոմում և գործարք առաջարկել, Հովհաննիսյանը նշեց.

«Ես հակված եմ մտածելու, որ նմանատիպ խոսակցություն եղել է և եղել է շատերի հետ: Բայց ես կարծում եմ, որ մի քիչ խեղաթյուրվում է խոսակցության էությունը: Պետք է փորձենք օբյեկտիվ լինել: Երևի թե իշխանությունը, որ ասել է վենդետա չի լինելու, առանց հանրության հետ քննարկելու որոշել է ազատություն գնելու և նորմալ կենսագործունեության իրավունք գնելու ինդուլգենցիա, ինչ-որ փրկագին նշանակել, և հնարավոր է, որ շատ օլիգարխների և կոռուպցիոներների այդպիսի առաջարկներ են արվում»:

Եթե կիրառվում են նման տարբերակներ, ապա Հովհաննիսյանն ընդգծում է թափանցիկության անհրաժեշտության մասին:

«Նաև պետք է լինի համընդհանուր: Այսինքն՝ հասարակությունը պետք է համոզված լինի, որ Միքայել Մինասյանին, Սարգիս Սարգսյանին առաջարկված պայմանները բացարձակապես նույնն են: Այսինքն, չի արվում խտրականություն և հանրությունը պետք է կոնցեպտին տա համաձայնություն, պետք է դետալներին տեղյակ լինի, և պետք է պայմանները բոլորի համար լինեն հավասար: Եվ ամենակարևորը, եթե մարդը գործել է ծանր քրեական հանցանքներ անհատի, պետության հանդեպ, երբ անգամ կասկած կա նույնիսկ և դեռ քննություն է գնում, ապա այդ առաջարկը պետք է սառեցվի, մինչև քննությունը վերջանա, պարզվի՝ էս մարդը մեղավոր է, մեղավոր չէ, նոր այդ առաջարկը ուժի մեջ մտնի»:

Վերաբերմունքը, ըստ քաղաքագետի, բոլորովին այլ կլիներ, եթե այդ կոնցեպտը հրապարակվեր 2018 թվականին՝ ընտրություններից առաջ:

Նա նաև պնդում է՝ քանի Հայաստանում կա օլիգարխիա, մենք երբեք չենք ունենա ազատ ընտրություններ, քաղաքացիական իրավահավասարություն, մամուլի իրական ազատություն…

«Որովհետև երբ որ մի մարդ ունի մեկ միլիարդ դոլար, իսկ քաղաքացիների 90 տոկոսի ընտանեկան եկամուտը ամսական չի հասնում հազար դոլարի, ասել, որ նրանք հավասար պայմաններում կարող են ժողովրդավարական կարգեր ստեղծել և ազգային պետություն, դա մեղմ ասած, ռոմանտիզմ է»:

Back to top button
Close