ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Չկա ծուխ առանց կրակի». գործարք նախկինների եւ ներկա իշխանությունների միջեւ հնարավո՞ր է

«Հեղափոխությունը տեղի ունեցավ մի ալիքի վրա, որը պահանջում էր արդարություն եւ ընդ որում արդարություն բոլոր մակարդակներում` եւ մեծ բիզնեսի, եւ փոքր, եւ միջին, եւ քաղաքական, եւ սոցիալական: Բայց եկեք նշենք, որ երկու տարի է, ինչ փախուստի մեջ է ոչ միայն հերթական «փախստականը»՝ Գուրգեն Խաչատրյանը, այլեւ բազմաթիվ անձինք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն առնչվող ԱԱԾ հաղորդագրությանը:

Հիշեցնենք, «UCOM» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ, երբ դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց, Գ. Խաչատրյանը հայտարարությամբ հանդես եկավ, թե նպատակահարմար չի համարում կալանավորի կարգավիճակ ձեռք բերել:

«Այս ամենը ապացուցում է, որ թեեւ հեղափոխությունից անցել է երկու տարի, սակայն չեն կատարվել պետական կառավարման համակարգի վճռորոշ փոփոխություններ: Իսկ վճռորոշ նշանակում է նախկին համակարգից հրաժարում  եւ նոր, արդյունավետ, գործող համակարգի հաստատում: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները շատ հաճախ իրենց արհեստավարժությամբ զիջում են»,- ասաց Դիլբարյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը՝ Նարինե Դիլբարյանն ասում է՝  հասկացա, որ Հայաստանում սկսվել է ուղեղների մեծ լվացքը:

«Որովհետեւ արդեն բոլորը խոսում են հայրենիքին նվիրման մասին, որ իրենք ոչինչ չեն վերցրել… Բոլորը հեռանում են Հայաստանից, այնտեղից մեզ հղում են տարբեր տեսակի ուղերձներ, որ իրենք անմեղ են… Եթե անմեղ ես, ապա կարող ես վերադառնալ եւ քո անմեղությունը ապացուցել»,- ընդգծում է Դիլբարյանը:

 

 

Back to top button
Close