ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Միշիկները ինչ-որ նպատակի հասնում են․ պետք է շտապ միջոցներ ձեռք առնել»

Նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ակտիվությունը քաղաքագետ Լևոն Շիրինյանն ուղղակի կապում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունման հետ։

«Ակնհայտ է, որ ոչ միայն նախկին իշխանություն են, այլ նաև որկրամոլների, պետականաքանդների իշխանություն է, և բնական է, որ այդ պարագայում այդ կաղկանձը, ոռնոցը հիմնականում լրատվության ոլորտում է։ Կա նաև ենթատեքստ՝ առաջացնել հուսահատություն, անվստահություն, հեղինակազրկել Նիկոլ Փաշինյանին»,- ասում է Շիրինյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի ցուցումով Հռոմում հանդիպել է իր հետ և գործարք առաջարկել, Լևոն Շիրինյանը նշում է՝ դա ոչ հաստատել է հնարավոր, ոչ հերքել։

Շիրինյանը հարցադրում է. «Ի՞նչ կադրեր են ԱԱԾ-ում, որ երկրի անվտանգության հարցերով զբաղվելու փոխարեն իրենց ճղճիմ հարցերն են լուծել։ Երկրորդ հարցն էլ կա. Միշիկ կոչվածը Սերժի փեսան է, չէ՞, այսինքն «արքունիքից է», և կարող է այդ հանդիպումը օղակ է Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների։ Դա հնարավոր բան է»։

Շիրինյանը գտնում է, որ Փաշինյանին հեղինակազրկելու ճանապարհն են ընտրել նախկին իշխանությունները՝ հաջողության հասնելու համար։

«Սա քաղտեխնոլոգիա է՝ ստոր, վատ։ Ասեմ ինչու։ Հայ ժողովուրդն ընդվզել է և սրանց վզից բռնել աղբանոց է շպրտել Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, հետևապես նախ վրեժի հարց կա, երկրորդը՝ հեղափոխության իդեալները վարկաբեկելու հարց կա։ Կա նաև ռիսկը, որը թշնամական է, օտար է՝ դեմ դուրս գալ հայ ժողովրդի համահայկական կամքի դեմ, որովհետև հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մերժել է Սերժին՝ քայլ անելով»։

Շիրինյանի կարծիքով, պետական իշխանությունը Հայաստանում ուժեղ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ «գողապետության պարագլուխները» պատասխան չեն տվել։

«Հայաստանում մինչև սրանց պատասխանատվության չենթարկեն, չպետականացնեն ունեցվածքները, մինչև վերջին թել-ասեղը, Հայաստանում տնտեսություն չի զարգանալու»,- ասում է քաղաքագետը, ով նկատում է, որ եթե քայլեր չձեռնարկվեն, վտանգն ավելի օրհասական է դառնալու։

«Միշիկները ինչ-որ նպատակի հասնում են․ պետք է շտապ միջոցներ ձեռք առնել։ Հեղափոխության կարգախոսն էր՝ քայլ արա, մերժիր Սերժին։ Եթե այս հարցը չի լուծվելու, չի լուծվելու ոչ մի հարց»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։

Back to top button
Close