Հավանական սցենար է, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը կկազմեն 10000

Հավանական սցենար է, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը կկազմեն 10 հազար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա՝ այդ սցենարի դեպքում հավանաբար ոմանց կուղարկեն տուն, բայց ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանան սպասարկել: «Մեզ պետք է կայունություն, եթե նույնիսկ շատ թիվ ունենանք, մեզ պետք է կայուն վիճակ, որպեսզի կարողանանք բոլոր դեպքերով զբաղվել»,- նշեց նա:
Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում Արսեն Թորոսյանն այսօր ասել էր, որ եթե կանոնները չպահպանվեն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել մինչև 500 հազարի, հազարավոր մահեր կլինեն: Լրագրողների հետ զրույցում նախարարը պարզաբանեց. «Իմ ասածը իրականում պարզապես թիվ չէր, դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր ՀՀ համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալացման դեպքեր, հազարավոր մահեր: Բարեբախատաբար, դա մինչ օրս տեղի չի ունեցել, որովհետև մենք ամեն դեպքում կարողացել ենք զսպել բռնկումը: Եվ մենք կարողացել ենք հարթեցնել կորը ինչ-որ չափով, որովհետև դա ամեն դեպքում սրագագաթ պիկ չէ, այլ միգուցե թեթև բլուր է դառնում: Եվ պետք է այնպես անենք, որ այդ բլուրն աստիճանաբար իջնի ներքև: Հիմա, թե երբ դա կհաջողվի, դժվար է ասել: Այսինքն՝ ասել 500 հազար կլինի, թե 100 հազար, թե 50 հազար, դժվար է, բայց մեր վարքագիծն է պայմանավորեու այդ թիվը»,- նշեց նա:
Ըստ նախարարի՝ եթե մայիսի վերջին ունենանք 10 հազար դեպք, դա, իհարկե, վատ է, քանի որ ավելին է, քան այսօրվա դեպքերը: Բայց լավ է 50 հազարից, որն առողջապահական համակարգը չի կարող կառավարել, իսկ 10 հազարը կարող է: «Բոլոր երկրներն անցնում են այս փուլերով, և սահմանափակումների վերացումը ինչքան էլ մի քիչ կնպաստի ավելացմանը, բայց պետք է խոստովանենք, որ ինչ-որ չափով անխուսափելի է, որովհետև հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակով, դա ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար: Եվ այս ժամանակը մենք ինչ-որ կերպ օգագործել ենք առողջապահական համակարգը կարգի բերելու համար, և նաև, այո, մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար»,- հավելեց նա: