Նորություններ

«Վարչապետը կարող է իր պոզիտիվ ազդեցությունը գործադրելով՝ թույլ չտալ, որ փողոցում, շքամուտքում, դալաններում տեղի ունենան հաշվեհարդարներ»

«Լարված իրավիճակը կհաղթահարվի, եթե ատելության գերդոզան կասեցվի, հակառակ պարագայում կկազմաքանդվի հասարակությունը»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Պառլամենտարիզմն իրենից ենթադրում է բանավեճ, դիսկուրս, կարծիքների բախում, և Հայաստանի խորհրդարանը ևս բացառություն չէ, և բնական է, որ լինեն լարված իրավիճակներ։ Երբ նայում ենք, օրինակ, եվրոպական երկրների կամ հենց Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանական նիստերը, բազմաթիվ են այն դեպքերը, երբ բախումներ են եղել, որը վերջացել է ընդհուպ ձեռնամարտով»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ չի արդարացնում օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպը։

Զոհրաբյանի կարծիքով՝ երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերը թողնելով՝ չպետք է քննարկել Սիմոնյան-Մարուքյան միջադեպը։

«Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մենք ժողովրդի կողմից գործուղվել ենք խորհրդարան ոչ թե միմյանց անպատվելու, այլ մեզ խորհրդարան գործուղած մարդկանց խնդիրները վեր հանելու, լուծելու։ Ես հասկանում եմ՝ որևէ մեկս ապահովագրված չենք էմոցիաների պոռթկումից, էսկալացիաներից, որովհետև իսկապես լինում են իրավիճակներ, երբ յուրաքանչյուրիս նյարդերը կարող են տեղի տալ»։

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ընդդիմադիր թևի մեղադրանքներին, թե իշխող ուժն ատելության քարոզ է տարածում, անհանդուրժողական դիրքորոշում ունի նրանց նկատմամբ, ովքեր «կհամարձակվեն» անհամաձայնություն հայտնել իրենց, նշեց. «Հեղափոխությունից հետո ես խոսել եմ ատելության գերդոզայի մասին, ասել եմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք օնլայն տիրույթից, ատելությունը, անհանդուրժողականությունը չպետք է տեղափոխվի այնտեղ։ Իմ գործընկերներն ասում էին, որ ինձ միայն թվում է, որ երկրում կա ատելության քարոզ, բայց մենք, այնուամենայնիվ, փողոցում հաշվեհարդար ենք տեսնում»։

Զոհրաբյանը նշեց, որ ատելության քարոզի հետևանքով Երևանում 2 հարսանիք վերջացավ դանակահարությամբ։

«Վարչապետը կարող է իր պոզիտիվ ազդեցությունը գործադրելով՝ թույլ չտալ, որ փողոցում, շքամուտքում, դալաններում տեղի ունենան հաշվեհարդարներ: Լարված իրավիճակը կհաղթահարվի, եթե ատելության գերդոզան կասեցվի, հակառակ պարագայում կկազմաքանդվի հասարակությունը»,- եզրափակեց պատգամավորը։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close