Նորություններ

«Covid 19-ի սպառնալիքի դեմ պայքարելու համար ձեռնարկված միջոցները չպետք է սահմանափակեն հավաքների և միավորումների ազատությունները». ՄԱԿ-ի փորձագետ

Ժնև (ապրիլի 14, 2020թ․) — Covid-19-ի համավարակը մարդու իրավունքների աննախադեպ մարտահրավերներ է առաջացրել ամբողջ աշխարհում։ «Ողջունում եմ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության համատեղ ջանքերը՝ հանրությանը առողջապահական վտանգից պաշտպանելու հարցում։ Մարդու իրավունքները որպես ելակետ ընդունելով՝ մենք համավարակը հաղթահարելու և ապագայի համար դիմադրողականություն զարգացնելու ավելի լավ հնարավորություն կունենանք»,- իր հայտարարության մեջ ասել է Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Վուլը։

«Ոչ մի երկիր կամ կառավարություն չի կարող հաղթահարել այս ճգնաժամը մենակ։ Համավարակի դեմ պայքարում քաղհասարակության կազմակերպությունները պետք է դիտարկվեն որպես ռազմավարական գործընկերներ։ Այդ իսկ պատճառով անհանգստացած եմ տարբեր երկրների քաղհասարակության կազմակերպությունների հետ առցանց խորհրդատվության ժամանակ ստացված տեղեկություններով, որոնք վկայում են բազմաթիվ մտահոգիչ միտումների և սահմանափակումների մասին, այդ թվում՝ քաղհասարակության՝ արդյունավետ հակազդմանն աջակցելու կարողության հետ կապված»։

Շատ պետություններ ընդունել են հանրային հավաքները, ինչպես նաև տեղաշարժման ազատությունը սահմանափակող օրենքներ։ Հանրային առողջապահության հիմքով սահմանափակումներն արդարացված են, եթե դրանք անհրաժեշտ և համաչափ են հանգամանքների լույսի ներքո։ Ցավոք, քաղհասարակության կազմակերպությունների հետ հազվադեպ են խորհրդատվություններ անցկացվել հակազդման համապատասխան միջոցների մշակման կամ վերանայման ընթացքում, և շատ դեպքերում  այս օրենքների և կարգավորումների ընդունումը հարցեր է առաջացրել։ Բացի դրանից՝ այդ օրենքները և կարգավորումները ընդարձակ և անորոշ են, և շատ քիչ բան է արվել՝ այս նոր օրենքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը ընդարձակ և ժամանակին տարածելու համար, ինչպես նաև՝ ապահովելու, որ կիրառվող պատիժները լինեն համաչափ, կամ որ դրանց հետևանքները լիովին հաշվի առնվեն։  Շատ դեպքերում այս միջոցները հարկադրվում են խտրական ձևով․ ընդ որում՝ ընդդիմության ներկայացուցիչներն ու խմբերը, այդ թվում նաև՝ խոցելի համայնքները, դառնում են գլխավոր թիրախը։

Հատկապես մտահոգիչ են այն դեպքերը, երբ կառավարություններն օգտագործում են ճգնաժամը՝ սահմանադրական երաշխիքները կասեցնելու, արտակարգ դրության հետ կապված համապարփակ օրենքներ ընդունելու և ուղղակի կառավարում իրականացնելու նպատակով։ Այս բոլոր զարգացումների անթույլատրելիության մասին արդեն իսկ հայտնել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները, այդ թվում՝ Հատուկ զեկուցողը։ Շատ դեպքերում  պարզ է, որ ընդունված միջոցները ավելի շատ ուղղված են ընդդիմության ներկայացուցիչներին վերահսկելուն և ճնշելուն, քան հանրային առողջապահությունն ապահովելուն։   Նմանապես մտահոգիչ է նաև բազմաթիվ պետություններում ճգնաժամի կառավարման ռազմականացման միտումը։ Շատ պետություններ նաև հետաձգել են պլանավորված ընտրությունները՝ առանց գործադրելու բավարար ջանքեր՝ ֆիզիկապես ներկայանալու և անձամբ քվեարկելու փոխարեն այլ անվտանգ այլընտրանք դիտարկելու համար։

Քաղհասարակության կազմակերպությունները իրենց աշխատանքում ևս բախվում են բազմաթիվ սահմանափակումների և արգելքների։ Որոշ երկրներում նոր միավորումները չեն գրանցվում, եթե չեն կարողանում ցույց տալ ներքին կանոններ, որոնցով հաշվի է առնվում ներկայիս ճգնաժամային իրավիճակը։ Թեև սոցիալական աշխատողները մեծ դեր ունեն ճգնաժամին հակազդելու և խոցելի բնակչությանը աջակցություն տրամադրելու հարցում, այդ դերը կատարելու նրանց կարողությունը կրճատվել է սահմանափակող օրենքների, ինչպես նաև ֆինանսավորման պակասի պատճառով, որը նաև մասամբ կապված է միջազգային ֆինանսավորման սահմանափակումների հետ։ Ավելին՝ քաղհասարակության անդամները և այլ կազմակերպությունների աշխատողներ բախվել են անհատական պաշտպանության միջոցների պակասին, ինչն էլ իր հերթին է խոչընդոտում նրանց աշխատանքը։ Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են այն դեպքերի մասին հաղորդումները, որոնք վկայում են, որ աշխատակիցները ենթարկվում են հետապնդումների՝ աշխատավայրում վտանգավոր պայմանների մասին բարձրաձայնելու պատճառով։

Ճգնաժամը նաև օգտագործվել է՝ լայնորեն սահմանափակելու տեղեկատվության հասանելիությունը։ Մի շարք երկրներ ընդունել են նոր միջոցներ, որոնք նախատեսում են պատիժ՝ «կեղծ նորություններ» տարածելու համար, կամ ուժեղացրել են օրենքի նման դրույթները․ ընդ որում՝ ճգնաժամի վերաբերյալ տեղեկություն տրամադրող անձանց սպասվում է նախազգուշացում, ձերբակալում կամ արտաքսում։ Ճգնաժամի ընթացքում հատկապես կարևոր է համացանցի հասանելիությունը, հետևաբար՝ այս ընթացքում հատկապես մտահոգիչ են համացանցի հասանելիության՝ գոյություն ունեցող և նոր սահմանափակումները, ինչպես նաև որոշ կայքերի կամ տեղեկատվության տեսակների գրաքննությունը։

Ներկայիս հանրային առողջապահական արտակարգ դրության պայմաններում Հավաքների և միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցողը հիշեցնում է պետություններին, որ անհրաժեշտ է հակազդել համավարակին՝ մարդու իրավունքների ոլորտում ունեցած պարտավորություններին համապատասխան ձևով։ Մասնավորապես՝ Հատուկ զեկուցողը առանձնացնում է տասը հիմնական սկզբունքներ

Առաջին ապահովել, որ նոր իրավական միջոցները հարգեն մարդու իրավունքները։ Ցանկացած նոր միջոցի թե ընթացքը և թե բովանդակությունը պետք է համապատասխան լինեն մարդու իրավունքների ոլորտում ունեցած պարտավորություններին։ Հնարավորության դեպքում նոր միջոցներ ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել քաղհասարակության հետ։ Նոր օրենքներ և կարգավորումներ ընդունելիս իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի իրավաչափության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին։ Մարդու իրավունքների և ազատությունների բացարձակ սահմանափակումն անընդունելի է։ Պետք է բացառություններ լինեն քաղհասարակության դերակատարների համար, հատկապես նրանց, ովքեր մշտադիտարկում են  մարդու իրավունքները, արհմիությունների, մարդասիրական օգնություն տրամադրող սոցիալական ծառայությունների և ճգնաժամի կառավարումը լուսաբանող լրագրողների համար։ Ընդունված նոր միջոցների մասին տեղեկությունը պետք է լայնորեն տարածվի և թարգմանվի տեղի և բնիկների լեզուներով։ Նաև հանրությանը պետք է տալ բավարար ժամանակ՝ ծանոթանալու այս նոր օրենքներին, մինչ քրեական պատիժների կիրառումը։ Օրենքները կամ կարգավորումները ոչ մի դեպքում չպետք է կիրառվեն խտրական ձևով, և նոր միջոցների գործարկման վերաբերյալ տեղեկությունը պետք է լինի հանրությանը հասանելի։ Պետք է երաշխավորվի ճգնաժամի ընթացքում ձեռնարկված միջոցառումների անկախ վերահսկողություն և վերանայում, որպեսզի ապահովվի օրենքի՝ մարդու իրավունքներին համապատասխան և ոչ խտրական կիրառումը ճգնաժամի ողջ ընթացքում։ Ավելին՝ բոլոր դեպքերում կարևոր է, որ կիրառված պատիժները չլինեն անհամաչափ և չնպաստեն վարակի տարածմանը, ինչպես նաև հաշվի առնեն պահի արտակարգ բնույթը, այդ թվում՝ դատական համակարգերի սահմանափակ գործունեությունը և շատերի ֆինանսական դժարությունները։

Երկրորդ ապահովել, որ հանրային առողջապահության արտակարգ դրությունը չօգտագործվի որպես պատրվակ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Անթույլատրելի է, որ ճգնաժամն օգտագործվի որպես պատրվակ՝ ճնշելու իրավունքներն ընդհանուր առմամբ, կամ մասնավորապես՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատությունները։ Ճգնաժամը չի արդարացնում հավաքները ցրելու ժամանակ չափազանց մեծ ուժի կիրառումը և անհամաչափ պատիժների նշանակումը, ինչպես նշել է Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողը։ Պետություններն ունեն պարտավորություն՝ տեղեկացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ եթե և երբ հայտարարվում է արտակարգ դրություն, ինչպես նաև իրավունքների ցանկացած շեղումների մասին, որոնք պետք է համապատասխանեն Սիրակուզյան սկզբունքներին։ Կարևոր է, որ Covid-19-ի հանրային առողջապահական արտակարգ դրության ավարտից հետո նշանակված ցանկացած սահմանափակում վերացվի, և վերականգնվի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների լիարժեք իրականացումը։ Այս առումով պետությունները պետք է արտակարգ դրության կամ ներկայիս ճգնաժամի հետ կապված ընդունված օրենքներում ներառեն դադարեցման դրույթներ՝ երաշխավորելով դրանց ինքնավար չեղարկումը հանրային առողջապահական արտակարգ դրության ավարտից հետո։ Ճգնաժամի համատեքստում էլ ավելի կարևոր է, որ դատական և գործադիր իշխանությունների փոխզսպումն ու հակակշռումն ուժեղացվի, որպեսզի կանխվեն գործադիր ճյուղի չափազանց և ընդարձակ լիազորությունները, և վերահսկվեն գործադիր իշխանության կամայական միջամտությունները։
Երրորդ ժողովրդավարությունը չի կարող անժամկետ հետաձգվել։ Հատուկ զեկուցողն ընդունում է, որ ներկայիս համավարակի համատեքստում բարդ է մշակել համապատասխան ընտրական մոտեցումներ, և չկան հեշտ լուծումներ: Շատ երկրներում հավաքների սահմանափակումները խանգարում են անհատներին կազմակերպել քարոզարշավ, մասնակցել հանրահավաքների, հանդիպումներ ունենալ ընտրողների հետ և մշտադիտարկել ընտրությունների ընթացքը։ Նաև սահմանափակվել են քաղհասարակության՝ ընտրությունների համատեքստում թեկնածուների և հասարակության լայն շրջանակի հետ շփվելու հնարավորությունները։ Այս բարդ պայմանների լույսի ներքո էլ ավելի կարևոր է, ինչպես ներկայացված է ստորև, ապահովել կարծիքի արտահայտման ազատության հանդեպ հարգանքը և խաղաղ հավաքների և միավորումների իրավունքի լիարժեք իրականացումը առցանց։ Պետությունները պետք է ապահովեն ընտրությունների համատեքստում որոշումների կայացման թափանցիկություն։ Ավելին՝ պետությունները պետք է խորհրդակցեն քաղհասարակության հետ՝ համապատասխան ռազմավարություններ ընդունելիս։ Թեև որոշ դեպքերում քվեարկության նպատակով ֆիզիկապես ներկայանալու սահմանափակումները կարող են անհրաժեշտ լինել, պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ ընտրությունների՝ նախատեսված ժամանակում անցկացումն ապահովելու համար, այդ թվում՝ կիրառելով ընտրության այլընտրանքային ընթացակարգ, օրինակ՝ ուղարկել քվեաթերթիկները փոստով։ Ամեն դեպքում պետք է ապահովել ընտրական գործընթացի ամբողջականությունը։

Չորրորդ ապահովել ընդգրկուն մասնակցություն։ Ակտիվ քաղաքական մասնակցությունը կարևոր է ճգնաժամի ընթացքում։ Քաղաքացիական հասարակությունը պետք է դիտարկվի որպես ճգնաժամին հակազդելու հարցում կառավարությունների կարևոր գործընկեր՝ ներառական քաղաքականություններ մշակելու, տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև համագործակցության միջոցով ընդհանուր մոտեցումներ զարգացնելու և խոցելի համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու առումով։ Պետությունները պետք է ապահովեն լիարժեք հարգանք միավորումների ազատության իրավունքի հանդեպ, այդ թվում՝ գրանցելով միավորումներն առանց սահմանափակումների և ապահովելով, որ քաղհասարակության կազմակերպությունները կարողանան ազատ ջատագովություն անել, այդ թվում նաև՝ միջազգային մակարդակում։ Պետությունները պետք է նաև աջակցեն քաղհասարակության կազմակերպություններին՝ հանրային առողջապահական արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրականացման մասնակցության հարցում։ Պետությունները պետք է ֆինանսական աջակցություն տրամադրեն քաղհասարակության կազմակերպություններին, որոնք կարևոր սոցիալական աջակցություն են տրամադրում, այդ թվում, մասնավորապես, այն կազմակերպություններին, որոնք աջակցում և պաշտպանում են հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի համայքները։  Պետությունները պետք է ապահովեն, որ այս կազմակերպությունների՝ իրենց ծառայություններից օգտվող համայնքների հասանելիությունը անհարկի չսահմանափակվի։ Ավելին՝ ճգնաժամը չպետք է օգտագործվի՝ խոչընդոտելու քաղհասարակության կազմակերպություններին, փաստաբաններին և լրագրողներին՝ ոստիկանության, քրեակատարողական հաստատությունների, միգրանտների պահման կենտրոնների և պետության իրավական գործընթացների այլ բաղադրիչների մշտադիտարկման կարևոր աշխատանքը։

Հինգերորդ երաշխավորել հավաքների և միավորումների ազատությունն առցանց։ Հավաքների և միավորումների ազատության իրավունքները կիրառելի են թե իրական կյանքում և թե առցանց։ Հիմա, երբ ֆիզիկական հավաքները սահմանափակված են, էլ ավելի անհրաժեշտ է ապահովել համացանցի հասանելիությունն ու օգտագործումը։ Բացի նրանից, որ պետությունները պետք է խուսափեն այնպիսի սահմանափակումներից, ինչպիսիք են համացանցի անջատումները կամ առցանց գրաքննությունը, նրանք նաև պետք է միջոցներ ձեռնարկեն՝ համացանցը հասանելի դարձնելու աշխարհի ամբողջ բնակչությանը և ապահովելու, որ այն լինի մատչելի։ Հատկապես քաղհասարակության կազմակերպությունների համատեքստում պետությունները պետք է ապահովեն, որ նրանք կարողանան գրանցվել առցանց և տան նրանց հնարավորություն՝ մասնակցելու քաղաքականությունների մշակմանը՝ առցանց ֆորումի միջոցով։ Բոլոր դեպքերում խաղաղ հավաքների և միավորումների իրավունքներն ապահովելու համար անհրաժեշտ է հարգել և պաշտպանել մասնավոր կյանքի իրավունքը։

Վեցերորդ պաշտպանել աշխատողների՝ հավաքների և միավորումների ազատության իրավունքը։ Միավորումների ազատության իրավունքով նախատեսվում է նաև աշխատավայրում արհմիությունների և միավորումների այլ տեսակների ձևավորման իրավունք, իսկ խաղաղ հավաքների ազատության իրավունքը ներառում է նաև գործադուլ անելու իրավունքը։ Ճգնաժամի ընթացքում ակնհայտորեն անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ բոլոր աշխատողների առողջության պաշտպանության իրավունքն ապահովելու համար։ Անթույլատրելի է, որ աշխատողներն ազատվեն աշխատանքից իրենց աշխատավայրում ավելի ուժեղ պաշտպանության և անվտանգության անհրաժեշտության վերաբերյալ բարձրաձայնելու կամ այդ նպատակով միավորվելու համար։

Յոթերորդ ապահովել կարծիքի արտահայտման ազատությունը: Անհրաժեշտ է ապահովել քաղհասարակության դերակատարների, այդ թվում՝ լրագրողների և իրավապաշտպանների՝ ճգնաժամի և դրա կառավարման կամ այլ թեմաների վերաբերյալ գաղափարներ և տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է խուսափել  «կեղծ լուրերը» քրեականացնող օրենքներից, որոնք ունեն  շահագործման երկար պատմություն, այդ թվում նաև՝ իրավապաշտպաններին թիրախավորելու համար։.

Ութերորդ ապահովել քաղհասարակության մասնակցությունը բազմակողմ հաստատություններում։ ՄԱԿ-ը և այլ բազմակողմ հաստատությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ապահովելու, որ քաղհասարակության կազմակերպությունները կարողանան շարունակել մասնակցել քաղաքականության, այդ թվում՝ Covid-19-ի հակազդման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, հատկապես պետություն-մասնավոր համագործակցություն ոլորտում։ Այն նաև պետք է շարունակի հասանելիություն ապահովել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների բաց նիստերի և այլ հանդիպումների հեռարձակումներին և արխիվներին, և հնարավորության դեպքում հեշտացնի քաղհասարակության մասնակցությունը տեսակապի միջոցով։ ՄԱԿ-ի գործակալություններն ու մարմինները պետք է ակտիվ համագործակցեն քաղհասարակության կազմակերպությունների հետ՝ դեմառդեմ հանդիպումների բացակայության պայմաններում՝ նաև դիտարկելով առցանց հանդիպումները և խորհդատվությունները՝ իրավապաշտպանների անվտանգության պահանջներին և միավորումների ազատության առցանց իրականացման մարտահրավերներին համապատասխանեցնելու հնարավորությունը։  ՄԱԿ-ի երկրների թիմերը հատկապես կարևոր են այս պահին և նրանք պետք է ավելի շատ համագործակցեն քաղհասարակության հետ՝ Covid-19-ի հակազդման և մարդու իրավունքների հարցերի շուրջ՝ ապահովելու ՄԱԿ-ի և կառավարությունների համագործակցության և միջամտությունների արդյունավետությունը, և մշտադիտարկելու քաղհասարակության հնարավոր սահմանափակումները Covid-19-ի համատեքստում։

Իններորդ միջազգային սոլիդարությունն անհրաժեշտ է ավելի, քան երբևէ։ Ֆինանսավորման պակասը էապես սահմանափակում է քաղհասարակության՝ Covid-19-ի հակազդմանը նպաստելու հնարավորությունը։ Նույնիսկ ճգնաժամից առաջ քաղհասարակության ֆինանսավորման հասանելիությունը սահմանափակված էր միջազգային աջակցությունը սահմանափակող օրենքներով։ Պետությունները պետք է վերացնեն այն օրենքները, որոնք անհարկի սահմանափակում են քաղհասարակության ֆինանսավորման, մասնավորապես՝  միջազգային ֆինանսավորման հնարավորությունները։ Ավելին՝ հնարավորության դեպքում պետությունները քաղհասարակության կազմակերպություններին պետք է տրամադրեն թե ֆինանսական և թե այլ տեսակի աջակցություն։ Դրանից բացի՝ պետությունները պետք է ընդունեն, որ քաղհասարակության բազմաթիվ կազմակերպություններ մեծ դեր ունեն հանրային առողջապահության ապահովման հարցում։

 

Տասներորդ Covid-19-ի ապագա հետևանքները և պատասխան՝ բարեփոխումների կոչերին։ Ի վերջո՝ Հատուկ զեկուցողը ցանկանում է ընդգծել, որ ներկայիս ճգնաժամից առաջ՝ անցած տարվա ընթացքում, ամբողջ աշխարհում գրանցվել է բողոքների աննախադեպ ալիք։ Թեև բողոքների թեմաներն ու պահանջները տարբեր էին, դրանք հիմնականում ուղղված էին ավելի ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, ավելի շատ հավասարության, խստացումների վերացման, կլիմայի փոփոխության և համատարած կաշառակերության դեմ պայքարելու նպատակով քայլեր ձեռնարկելու պահանջներին։ Ներկայիս ճգնաժամը չի կարող թեթևացնել այս պահանջները, ամենայն հավանականությամբ՝ ճգնաժամի առաջացրած տնտեսական անկումը՝ անհավասարությունը խորացնող ֆինանսական միջոցների հետ միասին, միայն կսրեն բողոքների դրդապատճառները։ Այս համատեքստում կարևոր է, որ ճգնաժամին հակազդելիս պետությունները հաշվի առնեն քաղաքացիների պահանջները, միջոցներ ձեռնարկեն և ընդունեն ավելի ժողովրդավարական կառավարման մեթոդներ, մեծացնեն իրավունքների պաշտպանությունն ու իրականացումը, նվազեցնեն անհավասարությունը և ավելի շատ աջակցություն և ուշադրություն տրամադրեն ավելի «կանաչ» և կայուն էներգիայի աղբյուրների օգտագործմանն անցնելու հարցին։

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

ohchr.org

 

Back to top button
Close