ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Առանցքային գանձագողերի հետ այդ ի՞նչ բանակցություններ են, այդ ի՞նչ քննարկումներ են… նազ ու տուզ է գնում դիմացի կողմի հետ, ինչո՞ւ…». Հովսեփ Խուրշուդյան

ԳԱԼԱ-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

— Պարոն Խուրշուդյան, նախ անդրադառնանք երկրում առկա լարված իրավիճակին։ Նախ արտակարգ դրության պայմաններում Գավառի դեպքը, ապա ԱԺ-ում տեղի ունեցած տհաճ միջադեպը։ Ինչո՞վ եք պայմանավորում ստեղծված լարվածությանը։

— Կարճ պատասխանը՝ համավարակի հետ կապված ճգնաժամով։ Արտակարգ դրությունն էլ ճգնաժամի հետևանքն է։ Ճգնաժամը նախ էապես ավելացրել է հասարակության ներսում լարումը՝ փակվածության հետեւանքով, նաև ցույց է տալիս կառավարման ոլորտի շատ բացեր։ Այն, ինչ որ արդեն տեսանելի էր, հիմա ավելի է խորանում։ Մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ իշխանության ներսում կա սաբոտաժ, որի մասին ավելի ուշ հայտարարեց նաև վարչապետը։ Բայց չգիտես ինչու, այս սաբոտաժը հաղթահարելու համար որևէ քայլ չարվեց ու չի արվում։ Նույն իրավապահ մարմինների գործելաոճը, ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ արձագանքները նույն Գավառի դեպքերին։ Դա ի՞նչ էր նշանակում․․․ եթե տարբեր խմբերի միջև բախումներ էին եղել, և կար վտանգ, որ կարող է շարունակվել, դեպքի վայր գնալուց զատ պետք է նաև ուժեղացվեր հիվանդանոցի մատույցները և իրավունք տրվեր ոստիկանությանը կոշտ միջոցառումների: Ոստիկանությունը պետք է ավելի օպերատիվ և պատշաճ արձագանքեր, որպեսզի նաև պաշտպանեին հիվանդանոցում եղած մարդկանց՝ անկախ նրանից, թե որ կողմն էին ներկայացնում։ Ամեն դեպքում դա Հայաստանի համար աննախադեպ վիճակ է, երբ որ վիրավոր մարդու վրա հիվանդանոցում հարձակում է տեղի ունենում։ Պաշտպանության և խնամքի կարիք ունեցող անօգնական մարդկանց վրա հարձակում է տեղի ունենում։

Դա նույնիսկ հայկական մենթալիտետին ոչ բնորոշ բան է, վայրենություն, որը խստագույնս պետք է պատժվի, որ այլևս չկրկնվի, որ մարդիկ հասկանան, որ սա նույնիսկ սպանությունից ավելի վատ բան է, որովհետև սպանությունը կարող է աֆեկտի տակ, ինքնապաշտպանական մղումներով գործի։ Բայց երբ որ խմբով հարձակվում են անօգնական, հիվանդանոցում գտնվող մարդու վրա, որ սպանեն՝ դա գազանություն է։ Նույնիսկ կենդանիները նման կերպ չեն վարվում։ Այդ մարդկանց ամենախիստ պատիժը պետք է հասնի, ընդ որում բոլորին, ոչ թե մեկ-երկուսին։ Ես կարծում եմ, որ այդ բախման բոլոր մասնակիցները պետք է ձերբակալվեն։

—  Պարոն Խուրշուդյան, անդրադառնանք ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի՝ Ֆինանսների նախկին նախարար եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող հայտարարությանը։ Խոսնակն ասում է, որ «հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը»:

Ի՞նչ է նշանակում պատրաստակամություն են հայտնել, կամ ի՞նչ շփումների մասին է խոսքը։

Նախ հասկանանք իշխանությունների մեթոդաբանությունը, որով նրանք համոզում են թալանչիներին՝ վերադարձնել գողոնը։ Ես կարող էի դա հասկանալ, եթե դա վերաբերեր, ասենք, հազար, տաս հազար, քսան հազար դոլար գողացած հարյուրավոր մարդկանց, և ուղղակի իրավապահ մարմինների կարողությունները հնարավորություն չտային իրավական ընթացակարգերով հատ-հատ դնել ուսումնասիրել, դատական գործեր հարուցել, հետո դատարանով ունեզրկել այդ մարդկանց և վերադարձնել թալանածը։ Բայց այստեղ խոսքը գնում է առանցքային գանձագողերի մասին, որոնք ոչ թե մեկ, երկու միլիոն, այլ հարյուր միլիոնավոր դոլարների հասնող գումար են գողացել պետությունից, և երբ որ նրանց հետ են գնում բանակցություններ, համոզում են, հետո նրանք այդքան էլ լավ չեն համոզվում, սկսում են հայտարարություններ տարածել, թե մեզ վրա ճնշում են գործադրում և այլն․․․ Այսինքն, ինչ-որ նազ ու տուզ է գնում դիմացի կողմից։ Այ դա է ինձ համար անհասկանալի։ Նույն Արմեն Ավետիսյանի պահն է, երբ որ հայտնի հյուրանոցը իր ձեռքից վերցրին։ Դա այն անձն էր, որ ժամանակի ամենախոշոր թալանչին է եղել։ Այսինքն ոչ թե նրանից ընդամենը մի հյուրանոց վերցնեին, այլ բոլոր նրա սեփականությունները պետք է ազգայնացվեին ու նա էլ պետք է հայտնվեր բանտում։ Այդ ի՜նչ ներողամտություն է այդպիսի խոշոր գանձագողերի հանդեպ։

— Պարոն Խուրշուդյան, ինչո՞վ եք պայմանավորում այդ «նազ ու տուզը», այն պարագայում, երբ խոստումները բոլորովին այլ էին։

— Նախ ակնհայտ է, որ իշխանությունները չունեն բավարար քաղաքական կամք՝ կոշտ միջոցառումներ գործադրելու առանցքային թալանչիների հանդեպ։ Համենայնդեպս, այդ քաղաքական կամքը տեսանելի չէ։ Կիսատ-պռատ ինչ-որ բան է արվում։ Հիմա ես ուզում եմ հասկանալ դրա պատճառները։ Դրա պատճառները կարող են լինել կա՛մ քաղաքական, որի մասին չեմ էլ ուզում մտածել, բայց, ցավոք սրտի, չեմ բացառում, կամ տեխնիկական։ Այսինքն, օրինակ, իրենք գիտեն, որ համակարգի ներսում կա պրոֆեսիոնալիզմի խիստ ցածր մակարդակ, կամ ավելի վատ՝ կա սաբոտաժ, նկատի ունեմ իրավապահ համակարգը։ Այդ պատճառով, իրենք հասկանում են, որ իրավական ճանապարհով հնարավոր չէ խելամիտ ժամկետներում այդ բոլոր թալանչիներին պատասխանատվության ենթարկել, գողոնն էլ վերականգնել, դրա համար ստիպված գնում են այսպիսի բանակցային գործընթացների։

Ուզում եմ հասկանալ՝ ով է իրենց ձեռքը բռնել, որ իրենք չեն մաքրում համակարգը։ Արդեն մի տարի խոսում են այդ մասին, որ պետական համակարգում կա սաբոտաժ։ Բնականաբար, դա նախ և առաջ վերաբերում է իրավապահ համակարգին։ Ո՞վ է ձեռքերից բռնել, որ չեն մաքրում համակարգը, հատկապես այն գերատեսչությունները, որոնք անմիջապես իրենց՝ գործադիրին, օրենսդիրին են ենթարկվում, և իրենք կարող են փոփոխություններ կատարել։ Ինչո՞ւ չեն մաքրում, ես դա՛ չեմ հասկանում։ Եթե դա ստիպում է իրենց կիսատ-պռատ քայլերի գնալ, ինչո՞ւ չեն մաքրում համակարգը, որպեսզի կարողանան լիարժեք քայլեր անել։

— Քաղաքական պայմանավորվածությա՞ն մասին ակնարկեցիք սկզբում։ Ենթադրում եք՝ հեղափոխությունից հետո տեղի է ունեցել յուրայիններին ձեռք չտալու վերաբերյալ գործա՞րք։

— Քանի որ դա ենթադրություն է, և ես չեմ կարող որևէ փաստ բերել այդ ուղղությամբ, դրա համար եմ ասում, որ չեմ ուզում այդ ուղղությամբ մտածել, բայց չեմ էլ կարող դա բացառել, որովհետև այս երկրորդ պատճառները, որոնք թվարկեցի, դրանց պատասխանը մի տեսակ անհասկանալի է։ Չի կարող խելամիտ պատասխան լինել դրան, թե ինչու չեն մաքրում համակարգը, որն ամբողջությամբ իրենց է ենթարկվում։

— Նիկոլ Փաշինյանի խոսնակը նաև ասում էր, որ կառավարության տեղեկություններով՝ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Գևորգյանը նաև ասում էր, որ վարչապետն ակնկալում է՝ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով: Ժամանակ առ ժամանակ իշխանությունները խոսում են, հիշեցնում կոռուպցիոն գործարքների մասին և միևնույն ժամանակ դժգոհում քննության անարդյունավետությունից։

— Մեկ այլ հարցազրույցում առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, որ այսօրվա իշխանությունների գործելաոճն ավելի շատ բաղկացած է խոսքերից, PR-ից, քան ռեալ գործից։ Խոսքերն առաջ են ընկնում ռեալ գործերից, շատ-շատ առաջ, անհասկանալիորեն։ Ու շատ դեպքերում գործերի չեն էլ վերածվում։ Բոլորի համար հայտնի գողերն ու ավազակները, թալանչիները, նախկին կոռուպցիոներները ինչ-որ հարթակ են ձևավորել իշխանությունների հետ տարբեր առիթներով բանակցելու, քննարկելու, իրար բանագնացներ են ուղարկում։ Վանեցյանի հայտնի հարցազրույցից գիտենք, որն այդպես էլ չհերքվեց վարչապետի կողմից, որ ինքը Վանեցյանին հանձնարարական է տված եղել՝ Միքայել Մինասյանին հանդիպելու։ Այդ ի՞նչ բանակցություններ են, այդ ի՞նչ քննարկումներ են նախկին թալանչիների հետ, երբ որ պետք էր նրանց ուղղակի կալանավորել, կամ եթե տեղում չեն, հետախուզում հայտարարել։

Կամ ինչպե՞ս կարողացան լքել երկիրը… սա ևս հարցեր է առաջացնում։

— Այո, այո, դա էլ մյուս պատմությունն է։ Նույն Վանեցյանը դրանում մեղադրում էր գլխավոր դատախազին։ Որևէ հերքում չհնչեց, գլխավոր դատախազն էլ դեռ իր տեղում է։ Ես չեմ ուզում ամեն ինչում Վանեցյանի վրա հղում անել, որովհետև ինքն էլ շատ մեծ պատասխանատվության բաժին ունի։ Ինքն էլ է դեռ պատասխան տալու չարածների և արածների համար, բայց այս պարագայում դատախազի դեպքում որևէ հերքում չհնչեց, որ դատախազն է խոչընդոտել որոշ մարդկանց այստեղ ձերբակալելուն կամ կալանավորելուն։ Բայց նա դեռ իր տեղում է, որևէ խնդիր չկա փաստորեն իր հետ կապված։

— Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հիասթափվածների ցանկ հրապարակեց, և հիմա քննադատներին հարցնելու են՝ հիասթափվածների ո՞ր խմբում ես։ Նաև խոսեց Սերժ Սարգսյանի կադրերին շանսեր տալու մասին։

— Ես էլ իշխանական տարբեր խմբերի իմ ցանկն ունեմ՝ վատ կառավարողների խումբ, իրենց խոստումները չկատարող պաշտոնյաների խումբ, խոսքը գործի վերածելու ցանկություն ունեցողների, բայց ի վիճակի չլինողների խումբ։ Այս խմբերը ես թվարկեցի, թող արդեն պաշտոնյաները, այդ թվում վարչապետը որոշեն, թե իրենք որ խմբում են։ Ես իշխանության ուրվագծած խմբերում ինձ որևէ տեղ չեմ տեսնում։

Ինչ վերաբերում է շանսին, էդ շանսը ինչքա՞ն է տևելու, մինչև մյուս ընտրություննե՞րը։ Որ այդ ընտրություններից առաջ իրենք սկսեն ամբողջ համակարգը ապականած մարդկանց հանել ու ասել՝ դե տեսեք, մաքրում ենք համակարգը, հա՞․․․ 3 կամ 5 տարի թողնեն, որ այս գործերը մնան օդում կախված, ոչ մի հարց չլուծվի, հետո ընտրություններից առաջ ասեն՝ լավ, շանսը երկար ձգվեց, հանենք էդ մարդկա՞նց։ Ի՞նչ է նշանակում՝ շանս ենք տվել։ Եթե 1-2 տարի այդ մարդիկ չեն կարողանում իրենց գործառույթներն իրականացնել, պետք է փոխեն։ Բա ժողովրդավարական երկիր է։ Ինչո՞ւմն է խնդիրը, որ չեն փոխում։ Այդ ի՞նչ կապեր են, որ թույլ չեն տալիս փոխել այդ մարդկանց։

Որոշ մարդկանց հանեցին, շանսը չարդարացրին… Վանեցյանին, Օսիպյանին հանեցին, բա մնացա՞ծը։ Ընդ որում, խոսքը միայն բարձրաստիճան պաշտոնյաների մասին չէ։ Համակարգն ամբողջությամբ պետք է մաքրել։ Օրինակ՝ ոստիկանական համակարգում թրեյնինգները չեն օգնում։ Ինչ-որ մարդիկ երևի հույս ունեին, որ ամբողջ ոստիկանությունը թրեյնինգներով հնարավոր կլինի բարելավել։ Չի ազդում, չի օգնում։ Այդ մարդկանց մեծ մասը այսպիսի գործելաոճի է սովոր՝ թափթփվածությունից սկսած, անպատասխանատվությունից վերջացրած։ Միգուցե պետք է կադրային այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք կառնչվեն ոստիկանության աշխատակազմի մեծ մասին։ Կամ ինչպես Սահակաշվիլին արեց․ մի անգամ ոստիկանության ամբողջ կազմը փոխեց, երկրորդ անգամ մեծ փոփոխություններ արեց, նոր սկսեց համակարգը ժամացույցի պես աշխատել։ Ուրեմն այդպես է պետք անել։ Ինչի՞ց է վախենում իշխանությունը դա անելու համար։ Ի՞նչ խնդիր կա, եթե փորձը կա միջազգային, հարևանի փորձը կա, որ ստացվել է միայն համակարգն ամբողջությամբ մաքրելու դեպքում։

 

 

Back to top button
Close