Նորություններ

«Չի վաճառվում մեր ապրանքը. ո՞նց մարենք վարկերը». Գեղարքունիքում տոննաներով կաղամբը փչանում է

Գեղարքունիքի մարզի բնակիչները կանգնած են խնդրի առաջ: Միայն Զոլաքարում այս պահին կա 1000 տոննա կաղամբ, նույնքան և ավելի շրջակա գյուղերում: Ապրանքի իրացման խնդիր ունեն Գեղարքունիքի բնակիչները: Նրանք դիմում են կառավարությանը՝ բարձրաձայնելով՝ ինչպե՞ս են մարելու վերցված վարկերը, եթե գյուղմթերքը չի վաճառվել և տոննաներով կաղամբ փչանում է:

«Գյուղացին, որի վրա այս պահին կաղամբը հաշվարկված է մոտ 50 դրամ, չհաշված, որ 10 տոննայի հարաբերությամբ 6 տոննա հազիվ կարող է իրացնել, արժե 15-20 դրամ: Շատ երիտասարդներ, որոնք տարիներ շարունակ ընտանիքի հոգսը հոգացել են ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի մեկնելով, 2019 թվականին, ուղղորդվելով կառավարության տրամադրած արտոնություններից, մնացին ու մշակեցին հողը: 50 դրամ արժողության կաղամբին ավելացնենք այն, որ շատերի դեպքում ծախսած գումարը գյուղատնտեսական վարկով է՝ 2 տոկոսով, որն այս պահին ընդամենը սառեցվել է 2 ամսով, բայց մարդկանց անվճարունակությունը կարանտինի հետ ոչ այնքան կապ ունի, որքան բերքի սպառման»,- նշում են Զոլաքարի բնակիչները ԳԱԼԱ-ի հետ զրույցում:

Նրանք նաև հիշեցնում են, որ շատերը հողատարածք են վերցրել վարձակալությամբ: Այսինքն, ներդրում են կատարել սկզբում, բայց եկամուտ առ այսօր չեն ստացել:

«Հողերի մեծ մասը սեփականատերերից ենք վարձակալել՝ 0,3 հեկտարի համար վճարելով 100.000 դրամ կանխիկ գումար: Ուսուցիչն իր ստացած աշխատավարձը ծախսել է կաղամբի մշակման համար, որ իր հաշվարկով հիմա կարողանար ապահովել ընտանիքի ապրուստը: Բայց այս պահին չունենք կառավարության օժանդակությունը: Աշնանը կաղամբն արժեցել է 50 դրամ, որի պարագայում ևս իրացումը շատ քիչ էր, ապրանքատերերն այդ ժամանակ սպառել են բերքի որոշ մասը»,- ասում են գյուղաբնակները:

Նրանց պահանջն այն է, որ կառավարությունը շուտափույթ լուծում գտնի և օժանդակի գյուղմթերքը սպառելու հարցում: Ասում են՝ եթե գյուղմթերքի ներկրում-արտահանումը կասեցված չէ, եթե Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում կաղամբի պահանջարկ կա, ապա ինչո՞ւ գյուղմթերքը չի արտահանվում:

Բնակիչները նշում են՝ մի քանի անգամ դիմել են պատկան մարմիններին, նամակ ուղարկել անձամբ վարչապետին, ստացել քաղաքավարի պատասխաններ՝ սպասեք, քննարկումներ են իրականացվում, իսկ այդ ընթացքում կաղամբը տոննաներով փչանում է:

«Փչացած կաղամբը թափելու տեղ էլ չկա, էկոլոգիական լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու, դրա համար էլ տուգանվենք: Կաղամբի եկամուտով պիտի ապրենք, սնունդ գնենք, որն օր օրի թանկանում է, գնենք սերմացու, թունաքիմիկատներ, պարարտանյութ՝ հաջորդ տարվա հոգսը հոգալու, պետք է վարկերը մարենք: Ինչպե՞ս ենք անելու, կառավարությունը թող մեզ այդ հարցերի պատասխանները տա»,- ասում են նրանք:

Տեսանյութ կհրապարակենք ավելի ուշ:

Back to top button