Նորություններ

«Թեկուզ մարդը գիտակցի էլ, որ պիտի տանը մնա, բայց միևնույն է, չի մնա տանը, որովհետև հացի խնդիրը պետք է լուծվի». Տ. Սարիբեկյան

Աշխարհի տարբեր երկրներում տարբեր են կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելուն ուղղված քայլերն ու գործողությունները, բայց նպատակը համընդհանուր է՝ կոտրել համավարակի ողնաշարը։ Գերմանիայում ապրող հայ բժիշկ Տարոն Սարիբեկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է. «Կարծիքները շատ հակասական են կորոնավիրուսի վերաբերյալ։ Կորոնավիրուսն ընթանում է շատ տարբեր՝ կախված նրանից, թե ինչ օրգանիզմ է ախտահարում։

Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդները ևս կարող են զոհ դառնալ պանդեմիային, բայց, օրինակ, տարեց մարդիկ կարող են առողջանալ»։

Բժշկի կարծիքով՝ շատ կարևոր է խուճապի չմատնվելը, որովհետև խուճապը սթրեսի է հանգեցնում, իսկ սթրեսը նպաստում է իմունիտետի անկմանը և օրգանիզմն ընկալունակ է դարձնում վիրուսի նկատմամբ:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Գերմանիայում մահերի շատ ցածր թիվը, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, Սարիբեկյանը պատասխանեց. «Գերմանիայում ավելի կարգավորված ու համախմբված է առողջապահական համակարգը։ Մարդիկ ունեն բարձր գիտակցական մակարդակ, պահում են սոցիալական հեռավորությունը. դա նկատվում է ամենուր՝ հացի խանութի հերթերում, սուպերմարկետներում։ Վաղվանից դիմակ կրելը պարտադիր է, հակառակ դեպքում կկիրառվի տույժ՝ 250 եվրո»։

Բժիշկը նշում է, որ գերմանացիները գիտակից են, ինչն էլ բժիշկների աշխատանքին օգուտ է, առողջապահական համակարգը չի ծանրաբեռնվում։

Բժշկի խոսքերով՝ առողջապահական համակարգի չծանրաբեռնվելը հնարավորություն է տալիս բուժհաստատությունները «սպառազինելու»։

Տարոն Սարիբեկյանն անդրադառնում է Հայաստանում այս օրերին տիրող իրավիճակին։ Ասում է, որ մշտապես հետևում է իրավիճակին, համավարակի դեմ պայքարի միջոցառումներին։ Բժշկի կարծիքով՝ Հայաստանն առաջնային խնդիր ունի, և դրանով պայմանավորված՝ կարելի է ասել, որ այդ տեսանկյունից պատրաստ չէ համաշխարհային պանդեմիայի մարտահրավերին. «Տեսնում եմ հարցազրույցներ, լուրեր։  Մարդիկ լուրջ չեն վերաբերվում համավարակին, ասում են, որ հայ ազգը յուրահատուկ և ընտրյալ ազգ է, և կորոնավիրուսը չի կպչի հայ ազգին»,- ասում է բժիշկը։

Տարոնը շեշտում է այն փաստը, որ Հայաստանում շատերն ապրում են, այսպես ասած, օրը ճարել-ապրելով։ Նա շեշտում է, որ եթե մարդը այդ օրը տանից դուրս չգա և գումար չվաստակի, ուղղակի սոված կմնա. «Թեկուզ մարդը գիտակցի էլ, որ պիտի տանը մնա, բայց միևնույն է, չի մնա տանը, որովհետև հացի խնդիրը պետք է լուծվի»։

Բժիշկը մարդկանց հորդորում է մնալ տանը, պահպանել սոցիալական հեռավորությունը և արտակարգ դրության բոլոր ցուցումներն ու կանոնները։

Բժիշկը նաև հորդորում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի օգնեն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքներին։

Back to top button