Նորություններ

Շղթայական ավտովթար Երևանում. «Ալմաստ» գործարանի մոտ բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ բախվել է 6 տրանսպորտային միջոց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկութունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենաներից մի քանիսը եղել են կայանված:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Back to top button